Թուրքական մամուլն հրապարակել է թուրքական արտադրության հրթիռային համալիրների ու այլ սպառազինության վերաբերյալ տեղեկատվություն, որոնց հետ կապված երկար ժամանակ գաղտնիություն էր պահվում: Դրանցից ուշագրավ է հատկապես «YILDIRIM» անունը կրող հրթիռային համալիրը, որը ներկայացվում է որպես թուրքական ռազմական արդյունաբերության «գլուխգործոցներից», որը մշակվել և արտադրվել է թուրք մասնագետների կողմից տեղական միջոցներով: Սակայն նույն հրթիռի ու հրթիռային համալիրի տեխնոլոգիաները ստացվել են դրսից և ունեն չինական «արմատներ», ինչը հաջողվել է թուրքերին «սեփական» մշակման ենթարկել:
2002 թ. թուրքական «Milliyet» պարբերականը հոդված էր հրապարակել Թուրքիայում արտադրված առաջին բալիստիկ հրթիռի փորձարկման մասին: Դրա առաջին փորձնական արձակումը կատարվել էր դեռևս 2001 թ.' Ստամբուլի մերձակա ափամերձ շրջակայքում: Փորձարկված այդ հրթիռը հանդիսացել է չինական «M-7» հրթիռի կառավարման և ուղղորդման համակարգով կատարելագործված նախատիպը: Համակարգի թուրքական անվանումը «YILDIRIM» է:
1990-ականների կեսերից թուրք-չինական համագործակցության արդյունքում ստացված տեխնոլոգիաների և թուրքական ROKETSAN և չինական CASIC, CPMIEC ընկերությունների միջև իրականացված համագործակցության շնորհիվ թուրքական արտադրության «YILDIRIM J-600T» անվանումն ստացած բալիստիկ հրթիռի փորձարկումները Թուրքիայում 2002 թ. հաջողությամբ անցան: Դրա հեռահարությունն, ըստ թուրքական տվյալների, հասնում է մինչև 250 կմ: Այն Թուրքիայի ցամաքային ուժերի սպառազինության մեջ գտնվող ամենամեծ հեռահարության հրթիռային համալիրն էր հանդիսանում: Ըստ թուրք փորձագետների հրապարակած տվյալների' 2008 թ. դրությամբ դրանց թիվը թուրքական բանակում կազմել է 36 միավոր: Հարկ է նշել, որ որոշ մասնագետներ կասկածի տակ են դնում նման բնութագրերի հավաստիությունը: Մինչև 2007 թ. այդ նախագծի մասին գրեթե հստակ տեղեկատվություն չկար, միայն այդ նույն թվականին տեղի ունեցած շքերթի ժամանակ պարզ դարձավ, որ «J missile» անվանումը կրող հրթիռը հանդիսանում է մարտավարական «YILDIRIM» հրթիռային համալիրի կատարելագործված տարբերակը: Չնայած հիշյալ համալիրի մասին չկան լիարժեք տեղեկություններ, հայտնի է, որ թուրքական ROKETSAN ընկերությունն աշխատանքներ է իրականացնում դրանց կատարելագործման ուղղությամբ: Նույն 1990-ականներին չինական ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ Թուրքիան կարողացավ սեփական արտադրություն մտցնել չինական մշակման հրթիռահրետանային համալիրներ, այդ թվում' T-300 Kasirga համալիրները, որոնցից վաճառվել են նաև Ադրբեջանին:

 

 

Լևոն Հովսեփյան