Լիբանանցի 13 նշանավոր փաստաբաններ պատրաստվում են երկրի գլխավոր դատախազություն հայցադիմում ներկայացնել ներկայում Բեյրութի հիվանդանոցներից մեկում սրտի վիրահատությունից հետո ապաքինման կուրս անցնող ՍԱՀ ԱԳ նախարար Ուալիդ ալ-Մուալլիմի դեմ՝ մեղադրելով նրան Լիբանանի քաղաքացիների սպանության հարցում և նպատակ ունեն՝ հասնել սիրիացի դիվանագետի ձերբակալությանն ու նրա դեմ դատական գործընթացի նախաձեռնմանը: Իրավաբանների համոզմամբ՝ ալ-Մուալլիմին չի օգնի անգամ նրա դիվանագիտական անձեռնմխելիությունը, քանի որ խոսքը միջազգային հանցագործության մասին է:

ՍԱՀ ԱԳ նախարարին մեղադրում են սիրիական բանակային ստորաբաժանումների կողմից լիբանանասիրիական սահմանի մերձակայքում գտնվող Արսալ բնակավայրի ռմբակոծության հետևանքով առաջացած մարդկային կորուստների հարցում:

Ինչ խոսք, մի տեսակ արհեստական բնույթ է կրում մեղադրյալի և նրան վերագրվող հանցագործության միջև ուղղակի կապ գտնելու հանգամանքը: Նույն տրամաբանությամբ, ասենք, Շվեյցարիայի դատախազությունում հնարավոր էր քրեական գործ հարուցել և ժնևյան համաժողովին մասնակցելու նպատակով այդ երկրում գտնվելու ժամանակաընթացքում ձերբակալել ալ-Մուալլիմին ու նրա գլխավորած պատվիրակության անդամներին՝ սիրիական հակամարտության ավելի քան 140 հազար զոհերի հարցում հանցավորություն ունենալու մեղադրանքով, քանի որ, ըստ էության, դա շատ ավելի էական միջազգային հանցագործություն է, և այս դեպքում, առավել ևս, դիվանագիտական անձեռնմխելիությունն ու արտոնությունները ոչնչով չէին կարող օգնել սիրիացի դիվանագետներին:

Արմեն Պետրոսյան