Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը այնպիսի ռեզոնանս առաջացրեց, որ ստիպեց միջազգային հանրությանը և հատկապես աշխարհաքաղաքական հիմնական խաղացողներին ռեսուրսները կենտրոնացնել այդ ուղղությամբ: Դա իհարկե պատահական չէր. Արևելք-Արևմուտք դիմակայությունը, որն այս փուլում դրսևորվում է ինտեգրացիոն մրցավազքով, պայքարի սուր դրսևորում է ստացել Ուկրաինայում (իրադարձությունները տեղի են ունենում Ուկրաինայում' առաջին հերթին այդ երկրի աշխարհագրական դիրքից ելնելով):
Այս պահին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հանգուցալուծման մի քանի տարբերակներ նշմարվում են, սակայն այս թեմայի շրջանակներում փորձենք անվտանգության տեսանկյունից, դիտարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հնարավոր ազդեցությունը տարածաշրջանային պրոցեսների վրա:
Այս իրադարձությունների ազդեցությունը Հայաստանի վրա անխուսափելի է: Այս պահին առավել կարևոր է այն դիտարկել երկու տեսանկյունից' սահմանագծին էսկալացիոն զարգացումների սպառնալիքի ու Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների:
Վերջին օրերին, հատկապես փորձագիտական դաշտում քննարկվում է Հայաստանի' Ուկրաինայի նոր իշխանությունների հետ փոխհարաբերման հարցը: Փորձագետների մի մասը պնդում է, որ Հայաստանը չի կարող դիմակայել ՌԴ-ի ճնշումներին և ստիպված է լինելու, Ուկրաինայի հարցում, Արևմուտքի կենսական շահերին հակասող դիրքորոշում արտահայտել:
Նման իրավիճակներում, հատկապես Հայաստանի պես փոքր երկրների համար, գրեթե փակուղային թվացող խնդիրներ են ստեղծվում, սակայն 2008 թվականի օգոստոսին' Աբխազիայում ու Հարավային Օսեթիայում ստեղծված իրավիճակի շուրջ Հայաստանը կարողացավ այնպիսի լուծումներ գտնել, ինչի արդյունքում ոչ ՌԴ-ի, որ Արևմուտքի և ոչ էլ հարևան Վրաստանի հետ հարաբերությունները ճգնաժամի չհանգեցրեցին (չնայած ճգնաժամն անխուսափելի էր թվում):
Դիվանագիտական կորպուսի շտապողականությունն այս հարցում հակացուցված է, իսկ սպասողական քաղաքականությունը' արդարացված: Հույս ունենանք, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը կկարողանա ճկունություն դրսևորել' խուսափելով անդառնալի հետևանքներից: Իսկ իրավիճակն իսկապես բավականին բարդ է:
Երկրորդ կարևոր հանգամանքը, որը արժանի է ուշադրության' սահմանագծին հնարավոր սպառնալիքների վտանգն է:
Կան իրավիճակներ, ինչից Ադրբեջանը մշտապես օգտվում է' առաջնագծում կտրուկ ակտիվանալու համար: Առաջին հերթին դա վերաբերում է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին. սրա ընդգծված օրինակ է' 2008 թվականի հետընտրական փուլը, երբ Երևանում տեղի ունեցած մարտիմեկյան իրադարձությունների օրերին, ադրբեջանական հատուկ ստորաբաժանումը' թվով 50-60 զինծառայող, գրոհ սկսեցին Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Արդյունքում հայկական ուժերին հնարավոր եղավ հետ մղել հակառակորդին' ստիպելով նահանջել, սակայն խուսափել առաջնագծում լարվածության կտրուկ ակտիվացումից' չհաջողվեց: Ընդ որում' այդ լարվածությունը մի քանի ամիս պահպանվեց:
Երկրորդ, ադրբեջանական կողմի գործողություններում կտրուկ ակտիվություն է նկատվում, երբ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացված է լինում աշխարհի որևէ թեժ կետում: Ադրբեջանի համար առավել նպաստավոր է հատկապես այն հանգամանքը, որ միջնորդ երեք երկրներն էլ' Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ նահանգները, այս պահին զբաղված են Ուկրաինայի ճգնաժամով:
Նկատենք, որ 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունների օրերին, Ադրբեջանը սահմանագծին գործի էր դրել ոչ միայն դիվերսիոն ստորաբաժանումները, որոնք սահմանագծի այս կամ այն հատվածում լոկալ օպերացիաներ էին փորձում իրականացնել, այլ նաև դիպուկահար խմբերին:
Նման սպառնալիքների դեպքերում, որպես կանոն, հայկական կողմը առաջնագծում զգոնության բարձրացման ու սահմանների պահպության ամրապնդմանն ուղղված քայլեր են ձեռնարկում, որոնք առաջնային նպատակ են ունենում կանխարգելելու հակառակորդի հնարավոր ագրեսիան հայկական դիրքերի ուղղությամբ:
Տիգրան Աբրահամյան