Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՎԱՀՐԱՄ ԲԱԶՄԱՍԵՐԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ հետ նախապես պայմանավորվել էի, որ նա «Հայ զինվորի» էջերում հանդես գա զինվորներին ուղղված տարեմուտի մաղթանքի խոսքով, քանի որ մեր երկրի միակ մարզական բուհի շուրջ 700 ուսանող այսօր պատվով կրում է հայոց բանակի զինվորի համազգեստը, ծառայում ամենատարբեր զորքերում' հիմնականում սահմանամերձ զորամասերում։ Այս բուհի ուսանողներով ու շրջանավարտներով են համալրված նաև հետախուզական և հատուկ նշանակության շատ ստորաբաժանումներ։ Երբ մտա ռեկտորի ընդունարան, անմիջապես ճանաչեցի բազմոցին թիկնած, աթլետիկ կազմվածքով թիկնեղ տղամարդուն, թեպետ նրան տեսել էի մեկ անգամ 1990-ականներին, երբ ինստիտուտի բակում իր իսկ նախաձեռնությամբ բացվեց Արցախյան ազատամարտում զոհված ուսանող-մարզիկների հիշատակը հավերժացնող խաչքար- հուշարձանը։

Վահրամ Առաքելյանի ամանորյա մաղթանքի խոսքը վերածվեց անմիջական, անկաշկանդ զրույցի, որն էլ ներկայացնում ենք։

-Պարոն Առաքելյան, թերեւս մեր զրույցն սկսենք բանակից։ Ի՞նչ եք կարծում, բանակն ի՞նչ դեր է խաղում տղամարդու ձեւավորման, կայացման գործում։

-Բանակը տղային տղամարդ է դարձնում։ Արդեն քառասուն տարի է, ինչ շփվում եմ ուսանողության հետ եւ տեսնում եմ այն ահռելի տարբերությունը, որ կա բանակում ծառայած ու չծառայած ուսանողի միջեւ։ Նրանք, ովքեր չեն ծառայել, դեռեւս մի տեսակ չեն ձերբազատվել երեխայական սեթեւեթանքից, աշակերտական պարզունակությունից, իսկ ովքեր ծառայել են, կայացած տղամարդիկ են' իրենց քայլվածքով, կազմվածքով, դիրքով, կյանքի նկատմամբ վերաբերմունքով։ Ես էլ մինչեւ բանակը թրծված չէի, բանակից հետո' ուրիշ մտածելակերպ ու պահվածք ունեի։ Ասեմ նաեւ, որ բանակից եկածների կարգապահությունն էլ է բարձր։

-Եթե գաղտնիք չէ, Ձեր ղեկավարած բուհից քանի՞ ուսանող է այսօր ծառայում ազգային բանակում։

-719 ուսանող։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր ինստիտուտը ուսանողների թվաքանակով ամենափոքրն է հանրապետությունում, ապա այս թիվը բավականին մեծ է, եւ մենք հպարտ ենք մեր տղաներով։ Նշեմ մի շատ կարեւոր հանգամանք' մեր բուհը կրթական այն եզակի հաստատություններից է, որի սաները բանակին ամենից շատն են անհրաժեշտ, թեկուզ եւ միայն իրենց ֆիզիկական պատրաստվածության ու կոփվածքի շնորհիվ։ Նոյեմբերի 18-ին' Ուսանողների միջազգային օրը, երբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելեց մեր բուհ, ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ նշեց այն մեծ ավանդը, որը ՖԿՀՊԻ-ը ներդրել է նորօրյա բանակաշինության մեջ, չմոռանալով հիշատակել նաեւ նրանց, ովքեր իրենց կյանքը զոհեցին այսօրվա խաղաղ արարման համար։

Նորօրյա պատմության գործիչներից մեր ինստիտուտի շրջանավարտներն են' սպարապետ Վազգեն Սարգսյանը, Սամվել Գեւորգյանը, Ալբերտ Բազեյանը, աշնակցի Մերուժան Մարգարյանը։ Քառասուն ֆիզկուլտուրնիկներ էլ չվերադարձան պատերազմի դաշտից, եւ մենք բուհի բակում կանգնեցրինք նրանց հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձան, որն այսօր ուխտատեղի է դարձել մեզ՝ ապրողներիս համար։

Մեր ուսանողները հիմնականում դժվարին եւ պատասխանատու տեղերում են ծառայում։ Որ զորամասում ծառայում է մեր ինստիտուտի մի քանի ուսանող կամ շրջանավարտ, հատկապես մենամարտային ձեւերին տիրապետող, այդ զորամասում կարգապահությունը բարձր է։ Այդ են վկայում տասնյակ շնորհակալագրերն ու պատվոգրերը, որոնք ստանում եմ հանրապետության տարբեր զորամասերից։ Մեր հույսն ու հավատը մեր բանակն է, եւ մենք նրա համար չպետք է խնայենք ոչինչ։ Ուստի պետք է կրթենք առողջ, ուժեղ, գրագետ սերունդ։

շարունակությունն այստեղ' http://www.hayzinvor.am/24070.html

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ