1908-ի ամառն էր. ժողովուրդը թոթափել էր սուլթանական բռնակալության լուծը եւ բազմահազար թափորով ուղղվում էր դեպի Շիշլիի գերեզմանատուն՝ հոգոհանգստի արարողության, նվիրված 1896 թ. մասսայական ջարդերում զոհվածների հիշատակին: Զոհրապի կողքին շիկահեր, փարթամ մի տիկին, թաշկինակն աչքերին բարձր հեկեկում էր: Սիպիլն ու Բյուզանդ Քեչյանը աշխատում էին համոզել այդ լացակումած, անսեթեւեթ, բայց մեծանձն անծանոթուհուն՝ բարձրանալ Մ. Պեշիկթաշլյանի հուշարձանի աստիճաններին եւ արտասանել: Իսկ տիկինը համառում էր... Այդ միջոցին դպրոցական նախկին ընկերներս ինձ բարձրացրին մի անհայտ մեռյալի գերեզմանաքարի վրա, պահանջելով արտասանել Վարուժանի «Ջարդը»: Եւ ես արտասանեցի... Բարձրացավ մի ահռելի աղմուկ, որից ես անգամ սկսեցի վախենալ: Խելահեղ ամբոխը պոկեց, պատառոտեց զգեստներս, պոկեցին բոլոր կոճակներս, մկրատներ գտնվեցին, որոնցով մարդիկ ուզում էին իբր հիշատակ երկար մազերիցս մի խոպոպ կտրել: Այդ միջոցին անծանոթ խարտյաշ տիկինը մոտեցավ ինձ, ձեռքերը դրավ ուսերիս եւ ինձ համար մի անսովոր բարբառով ասաց. «Եկ ինձ հետ Կովկաս, այնտեղ միայն քեզ հնարավոր կլինի զարգացնել այն շնորհքը, որով բնությունը օժտել է քեզ»: Այդ կինը Սիրանույշն էր...

ՀԳ - Փափազյանը, սակայն, նախընտրեց ոչ թե Կովկասը, այլ՝ Իտալիան, ուր սովորեց Միլանի Գեղարվեստի ակադեմիայում (1908-1911):