ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթում անդրադարձել է Հայաստանում կայանալիք առաջիկա նախագահական ընտրություններին. «Ընտրությունների արդյունքը կանխորոշված է. գործող նախագահը կհայտարարվի հաղթող»: Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ նախագահական ընտրություններից 2 ամիս առաջ գործող նախագահի վերընտրվելու շանսերը կտրուկ ավելացան: Այս հարցին պատասխանելու համար Լ. Զուրաբյանը ավելի վաղ պետք է մտածեր, թե ինչո՞ւ ՀԱԿ-ը վերջնապայքարում զիջեց իր դիրքերը և այսօր պրոցեսներին հետևում է «դրսից». «Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ընտրությունները ֆարս են, և որտեղ անհնար է ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության»: Ո՞րն է ՀԱԿ-ի լուծումը: Կոնգրեսը 4 տարի շարունակ հայտարարում էր, որ արտահերթ, թե հերթական ընտրությունների միջոցով հասնելու է իշխանափոխության, ընդ որում՝ 2008, 2009, 2010 թվականներին ՀԱԿ-ը բավականին լայնամասշտաբ հանրահավաքներ էր անում: Մինչ այժմ Կոնգրեսը պատասխան չի տվել իր համակիրներին, թե ինչո՞ւ և ո՞ւմ մեղքով ՀԱԿ-ն ուղղակի տապալվեց: Առանց այս «ինչուների» պատասխանների, ՀԱԿ-ի ոչ մի ներկայացուցչի ելույթ կամ հայտարարություն այլևս լուրջ չի ընդունվում: Իր ելույթում Լ. Զուրաբյանը նաև նշել է, թե «երկրի խոշոր ընդդիմադիր քաղաքական ուժերը' ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն հրաժարվել են մասնակցել կայանալիք նախագահական ընտրություններին»: Խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ խմբակցությունները կանոնակարգի համաձայն հայտարարություններ արեցին, որտեղ հստակ նշվում էր, թե որ դաշտում են գործելու: Ի տարբերություն ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի, ԲՀԿ-ն իրեն հռչակեց որպես «այլընտրանքային» ուժ՝ համենայնդեպս, այդ ուժն իրեն ընդդիմադիր դաշտում չէր տեսնում: Արդյո՞ք ԲՀԿ-ում ինչ-որ բան է փոխվել, ինչը ստիպել է Լ. Զուրաբյանին ԲՀԿ-ն անվանել ընդդիմություն: Ինչո՞ւ է ԲՀԿ-ի «կողմնորոշումների» մասին հայտնում Լ. Զուրաբյանը, ընդ որում՝ ԵԽԽՎ-ի ամբիոնից (իսկ միգուցե ԲՀԿ-ական համայնքապետերի կողմից ՀՀԿ-ի թեկնածուին աջակցությունն է Լ. Զուրաբյանին ստիպել համոզվելու, որ ԲՀԿ-ն այլևս ընդդիմադիր ուժ է): «Ընտրություններին չմասնակցելու նրանց որոշումը (ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ) նշանակում է, որ Սերժ Սարգսյանին մնում է մրցել միայն մարգինալ քաղաքական ուժերի հետ»: Արդյո՞ք ՀԱԿ-ում նոր վերլություններ են արել ու պարզել, որ ՀԱԿ «տնտեսական բռունցքը» կազմող Հրանտ Բագրատյանը, ով նախորդ խորհրդարանական ընտրություններին ամենակտիվ գործող դեմքերից էր, մարգինալ դեմք է եղել: Նախագահական ընտրապայքարից դուրս չմնացած ուժերին, այս դեպքում՝ Հրանտ Բագրատյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին մարգինալ ուժ համարել ինչ-որ տեղ նաև բարոյական հարթության խնդիր է, սակայն ՀԱԿ-ում պետք է որ մոռացած չլինեին, որ եթե իրենք 2 տասնյակի հասնող կուսակցությունների դաշինքով խորհրդարանական ընտրություններին 7 տոկոս ձայն էին հավաքել, ապա «Ժառանգությունը» «Ազատ դեմոկրատների» ոչ մեծ օգնությամբ՝ 5%-ից ավելի (ի դեպ ՀՅԴ-ն ևս 5%-ից ավելի ձայն էր հավաքել, սակայն ՀԱԿ-ի կողմից մարգինալ չի համարվում):