Արշավիր Դարբնի (Արշավիր Միքայելի Մնացականյան, 1910, հունվարի 16 - 1980, նոյեմբերի 17), հայ առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1937-ից։ Հայրը դարբին էր, որից էլ մակաբերել է Դարբնի գրական անունը։

Ծնվել է Լեռնային Ղարաբաղի Գետաշեն գյուղում։ Ավարտել է Բաքվի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը, ապա սովորել Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի գրական-սցենարական ֆակուլտետում։ Երկար տարիներ աշխատել է Բաքվի հայկական դրամատիկական թատրոնում որպես գրական-գեղարվեստական բաժնի վարիչ։
Նրա անդրանիկ պիեսը' «Հողը ծիծաղոմ է» բեմադրվել է Բաքվի հայկական թատրոնում։ Հետագայում գրել է «Արծիվներ», «Դատավճիռ», «Վրեժ», «Երբ բացվում է մանուշակը» դրամաները։ Վերջին դրաման Մոսկվայում արժանացել է խրախուսական մրցանակի և բեմադրվել է Ադրբեջանի և Հայաստանի մի շարք թատրոններում։
Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Եղել է սակրավորների առանձին գումարտակի կոմիսար, դիվիզիայի թերթի խմբագրի տեղակալ։ 1948-ից բնակվել է Երևանում։ 1949-50-ին եղել է ՀԳՄ վարչության քարտուղար։ Աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, Հայաստանի կինոաշխատողների միությունում։ 1966-80-ին որպես խորհրդական աշխատել է Հայաստանի գրողների միությունում։
Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքով լույս են տեսել ռուսերեն, ադրբեջաներեն, ուկրաիներեն։ Պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի, «Պատվո նշան» շքանշաններով։ Մահացել է Երևանում։

Read more: http://nakhshkaryan.blogspot.com/2013/01/blog-post_3681.html#ixzz2I8vpubRs