ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ Ադրբեջանը Հայաստանի հետ հիմա դելիմիտացիայի, դեմարկացիայի գնալու նպատակ չունի: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում:

«Ադրբեջանը և 2021-ի մայիսի և նոյեմբերի ագրեսիաների և 2022-ի սեպտեմբերի ագրեսիայի միջոցով փորձում է լուծել շատ ավելի մեծ խնդիր, քան կարելի է պատկերացնել զուտ տարածքային առումով: Ադրբեջանը փորձում է Հայաստանին զրկել իր կենսունակությունից»,-ասաց Աբրահամյանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանի գլխավոր նպատակը զուտ բնակավայրերը չեն, որևէ ուղղությամբ զուտ հաջող գործողության իրականացումը չէ, նպատակն է այնպիսի վերահսկողություն հաստատել ՀՀ կրիտիկական օբյեկտների, կոմունիկացիաների նկատմամբ, որպեսզի Հայաստանին զրկեն կենսունակությունից: Հաշվի առնելով խաղաղության պայմանագրի մասին քննարկումները և դրանում դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը՝ Աբրահամյանը կարծում է, որ Ադրբեջանն, ըստ էության, իր համար դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացը գրեթե ամբողջությամբ ավարտել է:

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակը հետագայում նոր խնդիրներ է ստեղծելու Հայաստանի համար: «Նույնիսկ որևէ փաստաթղով, դրա անունը դնենք պայմանականորեն խաղաղության պայմանագիր, թե մեկ այլ փաստաթուղթ, Ադրբեջանն իրականում այլևս դելիմիտացիայի, դեմարկացիայի գնալու նպատակ չունի»: Պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանը բռնազավթել է Հայաստանի՝ իր համար շատ շահեկան հատվածներ, այսպիսով լուծել է իր հիմնական խնդիրը:

Կիսվել