Այսօր մեկնարկում է Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենաճակատագրական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինյանը։
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր մեկնարկում է Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենաճակատագրական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը։
Առաջիկա 12 օրվա ընթացում դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ Հայաստան դաշինքի նախըտրական ծրագրի կարևոր դրությներին, մեր համատեղ աշխատանքի ու պայքարի ուղղություններին և ամբողջական պատկերացում կազմել մեզ բոլորիս սպասող հաղթանակների, ձեռքբերումների ու հաջողությունների մասին։
Բացի ծրագրային, բովանդակային ու առարկայական քննարկումներից դուք ստիպված կլինեք լսել և հանդուրժել ատելություն, զրպարտանք և զազրախոսություն պարունակող հիստերիկ ելույթներ, անբովանդակ մտքեր, դատարկախոսություն և պոռոտախոսություն։
Մեր հայրենիքին վրա հասած աղետի ու արհավիրքի, մարդկային ողբերգական կորուստների և Արցախի մեծ մասը դավադրաբար թշնամուն հանձնելու համար մեղավորներ նշանակելու հիվանդագին մտասևեռումը կստանա նոր զազրելի որակ, կարձանագրվեն ցինիզմի ու երեսպաշտության նոր ռեկորդներ։
Մի կերպ պետք է դիմանանք, կարճ է տևելու, քիչ է մնացել ստի ու կեղծիքի կայսրությանը, շատ շուտով ամեն ինչ կավարտվի և մենք` միահամուռ ջանքերով կլծվենք մեր սիրելի հայրենիքը թշնամուց ազատագրելու և այն նորովի կառուցելու դժվար, բայց միևնույն ժամանակ անչափ հաճելի գործին։
Մեզ կրկին կփորձեն պառակտել, կստիպեն ատել միմյանց, իրական թշնամու փոխարեն պատերազմել միմյանց հետ։ Բայց չի ստացվելու, սուտն այլևս բացահայտված է, դավաճանն ունի դեմք և անուն, որին բոլորս արդեն շատ լավ ճանաչում ենք։
Մաղթում եմ մեզ անփորձանք քարոզարշավ, համբերություն, զսպվածություն և հանդուրժողականություն մեր խաբված և մոլորված հայրենակիցների հուզական դրսևորումների նկատմամբ։
Հավատացե՜ք, ամեն ինչ լավա լինելու . . .