Լրագրող Շաքե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սյունիքում մեկշաբաթյա նկարահանումներից անհնար է վերադառնալ` առանց հոգեբանական տրավմաների. մի քանի տասնյակ գյուղեր դարձել են սահմանամերձ, ինչպես բնակիչներն են ասում` վերածվել են թերակղզու.
-Որոշ գյուղեր երեք կողմից շրջապատված են թնշամու դիրքերով
-Գյուղեր կան, թշնամին 80 մետրի վրա է, տեղ կա`100֊200 մետրի, տեղ կա 1 կմ վրա( մոտ 120֊150 կմ(!) առաջ են եկել)
-Նոր դիրքերում մեր զինվորները հիմնականում մնում են վրաններում. որոշ տեղերում մեր ու ադրբեջանական դրոշները 5 մետրի վրա են
-Որոշ գյուղեր թշնամու նշանառության տակ են
-Երեխաները խաղում են, թշնամին` հետևում։
-Հիմնականում Կապանի գյուղերում թշնամին կրակում է գործ անող գյուղացիների ուղղությամբ, կրակում է նաև կեսգիշերից հետո։
-Երբեմն թշնամին զինված հայտնվում է ճանապարհներին։
Անվտանգությունից բացի սահմանամերձ դարձած ԲՈԼՈՐ գյուղերն ունեն գոյատևման լուրջ խնդիր։ Մեծ մասը վարկով է առել անասուններին, ու կրակն ընկել և վարկի, և անասունների ձեռքը։ Արոտավայրեր չկան. դրանք թշնամուն են հանձնվել։ Վարելահողերն ու ցորենի արտերը` նույնպես։ Բոլոր խնդիրները սուր կերպով ընդգծվելու են գարնանից։ Որքան էլ ցավալի է, բայց պետք է խոստովանել` բնակիչները պակասել են. հեռանում են գյուղից։ Ով էլ դեռ այնտեղ է, սպասում է։ Խնդիրները մինչև գարուն չլուծվեն, գոյատևելու տարբերակներ են փնտրելու այլ տեղերում։ Գյուղերի բակերում մարդ գրեթե չկա, գյուղացին չի ժպտում, չի շփվում, տնից դուրս չի գալիս…
Այս ամենը հստակ երևում է ռեպորտաժներում` բնակիչների մեկնաբանմամբ։
Էլ չեմ խոսում ճանապարհներին թշնամու պաստառների ու անթիվ դրոշների մասին։ Դրանից հետո ամեն տեղ աչքիս դրանց «կանաչն» է երևում։
Ո՞նց էին ասում «հաղթողները». բարի գալուստ դժոխք։