ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Ու հերիք է «կույս» ձեւանալ, թե մենք մեղավոր չենք…

Ինչու՞ Կիպրոսի ղեկավարները չճանաչեցին Հս.Կիպրոսի թուրքական «հանրապետությունը», Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, Վրաստանը չի ճանաչում Աբխազիայի ու Հվ.Օսիայի անկախությունը, իսկ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Որովհետեւ Սերբիայում, Կիպրոսում ու Վրաստանում հասարակությունը շամպայնի «պրոբկի» նման կթրցներ այն ղեկավարնեին, որոնք դա կանեին։ Իսկ մեր երկրում մարդիկ գնացին ու ձայն տվեցին նիկոլիզմին։ Նիկոլիզմը հետեւանքն է, խնդիրը հասարակության մեջ է, այն հասարակության, որը հարմարվում է եւ Արցախի կորստին եւ 5.000 նահատակներին, եւ ՀՀ-ի 200 քառ.կմ տարածքի օկուպացմանը, եւ «Թուրքիայից ազդակներ ստանալը»։

Նիկոլիզմը հասարակության հայելին է։

Ու հերիք է «կույս» ձեւանալ, թե մենք մեղավոր չենք։ Առաջին մեղավորներից նաեւ մենք ենք՝ քաղաքական ուժերն ու հասարակությունը, որ համակերպվում ենք կապիտուլյանտների կառավարման, Արցախի կորստի ու Հայաստանի սպասվող թրքահպատակեցման հետ։

Թշնամին մեզ սպառնում է, իսկ մեզնից ոմանք ասում են ի՞նչ տալու է, թող՝տա, միայն թե շուտ պայմանագիրը կնքի՝ պրծնենք։

Ասում եք՝ դաշնակից չունենք։ Չենք էլ ունենալու։ Ո՞վ կդաշնակցի նրա հետ,ով ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս։ Ո՞վ կդաշնակցի նրանց հետ, ում համար 30 արծաթն ազգային արժանապատվությունից կարեւոր է։

Մենք չենք սիրում ոչ մեր հայրենիքը, ոչ էլ՝ պետությունը։ Լավ կենացներ ենք խմում, կազմակերպված Եռաբլուր ու Ծիծեռնակաբերդ ենք գնում, բայց արժանի չենք ոչ մեկին, ոչ էլ՝ մյուսին։ Գլուխ ենք գովում, թե առաջին քրիստոնյա պետությունն ենք, բայց սիրո փոխարեն ատելություն, նախանձ ու հայհոյանք ենք տարածում։

Քրիստոնեությունը սեր է, համերաշխություն ու նահատակություն է հանուն հայրենիքի, ընտանիքի ու հավատակից եղբոր։

Իհարկե գլխավոր մեղավորը Փաշինյանն է, բայց ոչ միայն։ Մենք ենք որպես հասարակություն թույլ տվել, որ նա Արցախ հանձնի ու հետո ասֆալտ փռելով «մարսի» Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում։ Մինչեւ մենք պետության ու հայրենիքի շահն առնվազն մեր անձնական շահի հավասար չպաշտպանենք, մենք արժանի չենք լինելու ոչ անկախության, ոչ էլ՝ հարգանքի։

Հ.Գ. Մենք ենք մեր դժբախտությունների պատճառը։

Գարեգին Նժդեհ»։