Իշխող խմբակցության պատգամավորները հաճախ չեն պատասխանում ընդդիմադիր լրատվամիջոցներում աշխատող լրագրողների հարցերին: Այդ լրատվամիջոցների շարքերում են ԼՈՒՐԵՐ.com-ը, YerevanToday-ը, Hraparak.am-ը, 5-րդ ալիք հեռուստաընկերությունը և այլն:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, մասնավորապես Հայկ Սարգսյանը, ոչ միայն չի պատասխանում լրագրողների հնչեցրած հարցերին, այլև իրեն իրավունք է վերապահում նրանցից խլել բարձրախոսը՝ մեկնաբանելով, որ լրագրողը հնչեցնում է ոչ թե հասարակության, այլ տվյալ լրատվամիջոցի սեփականատիրոջը հուզող հարցեր:

«Իրավական ուղի» ՀԿ-ի ղեկավար, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում իշխող խմբակցության նման պահվածքը համարում է թուլության նշան. «Պաշտոնատար անձինք խտրական մոտեցում են ցուցաբերում լրատվամիջոցների նկատմամբ և հրապարակավ հայտարարում են, որ որոշակի լրատվամիջոցների հարցերին պատրաստ են պատասխանել, իսկ մյուս լրատվամիջոցների հարցերին՝ պատրաստ չեն: Դա նաև համարում եմ դեռևս 2018 թվականին իշխող քաղաքական ուժի կողմից մեր հասարակությանը սևերի և սպիտակների, նախկինների և ներկաների, էլիտայի և ժողովրդի տրված այս բաժանման քաղաքականության դրսևորում: Սա ազգադավ մոտեցում է, որն իր դրսևորումը ստանում է նաև լրատվամիջոցների հետ աշխատանքում»:

Իրավապաշտպանի կարծիքով՝ նման խնդիրների բախվում էինք նաև մինչև 2018 թվականը, սակայն հիմա դրանք նոր որակ են ստացել. «Հասարակության առաձին խմբերի իրար հանդեպ թշնամացնելու, ազգադավ, հակահայկական, նույնիսկ՝ թշնամական ուժերի ուղիղ աշխատանքի արդյունքը և դրա դրսևորումն է, այսինքն՝ մենք ունենք իշխանություն, որն իրականացնում է ոչ թե հայկական, այլ թշնամական կանոնակարգ և 2018 թվականից այդ քաղաքականությունը հետևողականորեն իրականացվում է, իսկ դրսևորումն էլ այն է, որ որ չեն պատրաստվում պատասխանել որոշակի լրատվամիջոցների հարցերին»:

Սակայն, իրավապաշտպանը կարծում է, որ լրագրողների դերը այժմ էլ շատ մեծ է, և, թեև իշխանության և հասարակության միջև չկա համերաշխություն, այնուամենայնիվ, լրագրողները իրենց միջնորդությամբ կարող են հասնել դրան։

Արփինե Հակոբյան