ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս իշխանությունն ամբողջական հրաժարական պետք է տա, և մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի նոր իշխանության հարցը լուծի հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին, ո՛չ թե Փաշինյանը, ո՛չ թե Արմեն Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգյսյանը, ո՛չ թե Քոչարյանը կամ Վանեցյանը, Ծառուկյանն ու Բաբաջանյանը, այլ Հայաստանի քաղաքացին։
Ալիևը պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և դրանից հետո տարբեր պատճառներով շատ է խոսել Փաշինյանի հետ պայմանավորվելու անհնարինության, և նրան փոխելու անհրաժեշտության մասին։ Նույնիսկ Հայաստանի՝ իր նախընտրած նախագահների` Քոչարյանի և Սարգսյանի անուններն է տվել հարցազրույցներից մեկում։ Բայց համաձայնեք՝ Հայաստանում նոր իշխանության հարցը, Փաշինյանին հեռացնելու, և նոր ընտրություններում նրան և/կամ այլոց իշխանական մանդատ տալու հարցը պետք է որոշեն ոչ թե Ալիևը, Էրդողանը և Պուտինը, այլ՝ ՀՀ քաղաքացին։
1967-ի արաբ-իսրայելյան վեցօրյա պատերազմում Եգիպտոսը դաժան պարտության մատնվեց Իսրայելի կողմից։ Նախագահ Գամալ Աբդել Նասերը հունիսի 9-ին հայտարարեց իր հրաժարականի մասին։ Գիտե՞ք՝ ինչ եղավ հետո։ Հայրուր հազարավոր արաբներ ոչ միայն Եգիպտոսից, այլև արաբական աշխարհի այլ երկրներից դուրս հորդեցին փողոցներ նախագահից պահանջելով չեղարկել հրաժարականի մասին որոշումը։ Գիտե՞ք, թե ինչու, որովհետև Նախագահ Նասերի հրաժարական պահանջում էր նաև թշնամական Իսրայելը, և եթե ժողովուրդը համակերպվեր այդ հրաժարականի հետ, կնշանակեր, որ կատարում է Իսրայելի պահանջը։
Տեր-Պետրոսյանն էլ, Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ, Փաշինյանն էլ մեր ներքին հարցերն են, և պետք է հայտնվեն մեր պաշտպանության տակ, եթե որևէ մեկը, առավել ևս՝ թշնամական երկրի ղեկավարը, որոշի թիրախավորել Հայաստանի գործող կամ նախկին ղեկավարին։
Հիմա եկեք պայմանավորվենք, որ ոչ մի դեպքում Հայաստանի իշխանության հարցը չենք վերապահելու ո՛չ բարեկամ, ո՛չ թշնամի երկրի որոշմանը, նույնիսկ այսպիսի տեղեկատվական գրոհի պայմաններում։
Հայաստանի իշխանության հարցը պետք է լուծի բացառապես հայ ժողովուրդը»։