Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի արեք, տղերք, ժողովրդի համբերության բաժակը լցվում է

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ է ներկայացրել, որով առաջարկվում է արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելու դեպքում սահմանել 20 հազար դրամի չափ տուգանք, իսկ փակ տարածքներում, ինչպես նաև տրանսպորտային միջոցներում և աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելու համար՝ 50 հազար դրամի չափով:
     Ինձ համար ակնհայտ է, որ այս օրենսդրական փաթեթն ընդունվելու է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդարանական անդեմ մեծամասնությունը չի հեղինակում որևէ նախագաիծ՝ առանց այն Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցնելու։
     Տուգանքների շեշտակի բարձրացմամբ իշխանությունն, ըստ էության, խոստովանում է, որ տապալել է հակահամաճարակային քաղաքականությունն ու անցնում է քաղաքացուն՝ որպես տուգանքի «մատերիալ» դիտարկելու մարտավարությանը։
     Այս նախաձեռնությունն ոչ միայն հակասոցիալական է , այլ նաև՝ անարդյունավետ, որովհետև եթե հասարակությունը չի հավատում կառավարության խոսքին, ապա, այսպես ասած, ռեպրեսիվ միջոցները կարող են նույնիսկ հակառակ էֆեկտը տալ։
     Չեմ կարող չանդրադառնալ նաև այլ խնդրի։
     Մեր կուսակցության գրասենյակը վերջին օրերին ահազանգեր է ստանում, որ ոստիկանները հաճախ քաղաքացիներին տուգանում են ոչ իրավաչափորեն՝ այսպես ասած, «պլան կատարելու» տրամաբանությամբ։ Օրինակ՝ մեր կուսակցության Վանաձորի ներկայացուցիչ Վահե Աթոյանն օրերս դիմակ չկրելու պատրվակով տուգանվել է այն բանի համար, որ իր բազմաբնակարան շենքի մուտքի մոտ է իջել՝ ծխելու նպատակով։ Համաձայնեք՝ սա ոչ թե հակահամաճարակային արդյունավետ պայքար է, այլ՝ քաղաքացուն «կլպելու», նրան՝ որպես «տուգանքի մատերիալ» դիտարկելու հետևանք։
     Մի արեք, տղերք, ժողովրդի համբերության բաժակը լցվում է»։