Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գրառում է արել՝ անդրադառնալով շենքերի ախտահամնման խնդրին։

 

«Երբ տրամաբանությունս այլևս չի ներում...

Աջ ու ձախ հրապարակվում է ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց տեղորոշումը: Վարչապետն ասում է` ի՞նչն այն չենք անում: Որտե՞ղ ենք թերանում...

Պրն. վարչապետ, վստահ եմ` գիտեք, որ Երևանն ունի վարակվածների ամենաբարձր ցուցանիշը: 2 օր առաջ գոնե մի քանի րոպեով հանդիպել եք Հայկ Մարությանի հետ: Հետաքրքրվե՞լ եք` ինչ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում իր ղեկավարած կառույցը, թե՞ Ձեզ բավարարեցին այն մակերեսային տեղեկությունները, որոնք նա ասուլիսի ժամանակ հայտարարեց: Արդյոք հարցրի՞ք՝ քանի՞ շենք է ախտահանվել և մասնավորապես այն շենքերը, որտեղ ինքնամեկուսացված են վարակակիր քաղաքացիներ:

Գուցե այդ քաղաքացիները, այնուամենայնիվ, դիմակով դուրս են գալիս տանից ու շրջում, որովհետև աչքի առաջ ունեն Ձեր օրինակը և կարող են մտածել, ինչը և բնական է, որ իրենք ևս , լինելով վարակակիր, կարող են դիմակով դուրս գալ: Արդյո՞ք Ձեզ հետաքրքրեց` իսկապես հասարակական տրանսպորտն ախտահանվում է, թե՞ ուղղակի ասվում է` ասվելու համար: Չեմ խոսում էլ այն լայնամասշտաբ աշխատանքների մասին, որոնք իսպառ չեն իրականացվում:

Բնակիչների բողոքներն անթիվ, անհամար են: Սխալներն էլ օր օրի ավելանում են: Այս ամենը, մեկ բառով, կոչվում է անգործություն», - գրել է Թեհմինա Վարդանյանը: