«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ադրբեջանի ժողովրդի հետ խոսելու ցանկության և մտադրության մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է դեռևս 2 տարի առաջ, իսկ հետագա գործունեության ընթացքում իր այս, մեղմ ասած, տարօրինակ միտքը նա լրացրել է մի նոր, էլ ավելի տարօրինակ և արդեն վտանգավոր, թեզով, այն է, Արցախյան հիմնախնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և, ուշադրություն, Ադրբեջանի ժողովուրդների համար։
Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի ժողովրդի հետ խոսելու Փաշինյանի մտադրությունը նպատակ է հետապնդում վերջինիս համոզել, կամ հարկադրել, հրաժարվել Արցախի նկատմամբ ունեցած պահանջներից, ճանաչել Արցախի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը և կնքել երկարաժամկետ խաղաղության մասին պայմանագիր։
Բայց իրականությունը, ինչպես ցույց տվեցին զարգացումները, որևէ առնչություն չունեն Փաշինյանի ունեցած ցանկությունների և նպատակների հետ, քանզի Փաշինյանի՝ Ադրբեջանի ժողովրդի հետ երկխոսելու փոխարեն, Հայաստանի և Արցախի ժողովուրդների հետ սկսեցին խոսել Ադրբեջանի իշխանություններն ու «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարները։
Սա հերթական չհաշվարկված քայլն է, որից Փաշինյանին պետք է հեռու պահել և նրան պարբերաբար պետք է հիշեցնել, որ ինքը ոչ թե ՄԱԿ-ի խաղաղության դեսպան է, այլ Հայաստանի Հանրապետության վարչապետն, ով կոչված է գործել ԲԱՑԱՌԱՊԵՍ Հայաստանի և Արցախի շահերի շրջանակներում և սպասարկել ու ծառայել ԲԱՑԱՌԱՊԵՍ Հայաստանի ազգային ու պետական շահին»։