Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՍԹԱՓՎԵՔ, ՍԱ ԽԱՂ ՈՒ ՊԱՐ ՉԷ
Տեղ, վայր, հասցե, անուն, ազգանուն ու այլ մանրամասներ չեմ հայտնի, բայց կեսօրից հետո ֆեյսբուքով մի նամակ ստացա, որ կորոնավիրուսով հիվանդ 54-ամյա մի տիկնոջ, ով ծանր թոքաբորբ է տանում ու մեկուսացման պալատում է եղել, վիճակը ծանրացել է և տեղում խնդիր է դարձել ռեանիմացիա տեղափոխելը, որովհետև ․․․ հիվանդներն այլևս այնքան շատ են, որ տվյալ հիվանդանոցում այս խնդրի առաջ են կանգնել։ Արագ տեղեկացրել եմ Առողջապահության նախարարությանը և հիվանդին տեղափոխել են։
Այս ամենը գրում եմ մի բանի համար․
ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՍԹԱՓՎԵՔ, ՍԱ ԽԱՂ ՈՒ ՊԱՐ ՉԷ
Դուք հավանաբար դեռ չեք պատկերացնում, թե այս վիճակի դեմը չառնելու դեպքում ինչ ահասառսուռ վիճակի մեջ կհայտնվենք ու կհայտնվեք դուք։ Եթե այս տեմպերով վարակվենք, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի բուժհաստատություններն էլ մեզ չեն հերիքի։
Կամ ստիպված կլինենք բոլոր հիվանդանոցները դարձնել ՔՈՎԻԴ, ասել է թե՝ պետք է անտերության մատնենք այլ հիվանդություններով մյուս հիվանդներին, կամ ․․․ շարունակությունը չասեմ։
Լրջացեք։ Շատ համաքաղացիներ են արդեն պահանջում ամենակոշտ մահակը կիրառել։ Շատ քաղաքացիներ են պետությունից դա պահանջում, որովհետև անպատասխանատու հատվածի պատճառած վնասներն այլևս կործանարար են․․․
Մի արեք այնպես, որ բոլորս խղճի խայթ զգանք, երբ հիվանդը մահանա բուժսպասարկման անբավարարության պատճառով․․․
Դաշույն մի խրեք վարակի հետ ճակատամարտ մղող բժիշկների թիկունքին։
Ընդամենը պահպանեք 3 կանոնը միասին, ոչ թե առանձին կամ ձևական․ 1/ դիմակ, 2/ 1,5 մետր սոցիալական տարածություն, 3/ հաճախակի ախտահանում։
Չգիտեմ՝ մազի վրայով ենք քայլում այլևս։ Ուշքի եկեք։ Լրջացեք։ Պատասխանատու վարքագիծ ցուցաբերեք։
Առողջություն կյանքի ու մահվան միջև կռիվ տվող բոլոր հիվանդներին, վարակակիրներին։ Մեզ բոլորիս էլ՝ մի փոքր պատասխանատվություն ու գիտակցություն»։