Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միքայել Մինասյանի կողմից երեկ հրապարակված «փաստերին» ի պաշտոնե կարող են տիրապետել մի քանի սուբյեկտներ՝ Հայաստանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունները, ինչպես նաև՝ երկու երկրների պաշտպանության նախարարությունները:

Հայաստանի կառավարությունը պարտավոր է ձեռնարկել համապատասխան գործընթաց՝ պարզելու համար, թե ո՞ւմ կողմից են Միքայել Մինասյանին փոխանցվում այդ տեղեկությունները, եթե դրանք համապատասխանում են իրականությանը և ներկայացնել համապատասխան պարզաբանումներ:

Իսկ եթե չեն համապատասխանում իրականությանը, գործող իշխանությունն առավել ևս պարտավոր է ժամանակ գտնել ու հերքել Մինասյանի կողմից հրապարակվածը:

Պարո՛ն վարչապետ, այս իրավիճակը խայտառակություն է:

Երեք ամսից կլրանա երկու տարին, որ գաղտնալսվել է Ձեր ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցները, և Ձեր իշխանությունը մինչ օրս չի բացահայտել այդ հանցագործությունն ու խայտառակությունը:

Ձեր իշխանությունը դեռևս չի կարողանում լուծել Ռոբերտ Քոչարյանի «միլիարդների» վերադարձի հարցը, չի կարողանում ամբողջական իրավական գնահատական տալ Սերժ Սարգսյանի և վերջինիս իշխանության հենասյունների արարքներին:

Մինչև հիմա հնարավոր չի եղել պարզել գեներալ Մանվել Գրիգորյանի «Տուշոնկեքի» ոդիսականը:

Դուք չեք կարողացել լուծել Գագիկ Բեգլարյանի, Սուրեն Խաչատրյանի, Հովիկ Աբրահամյանի, Միհրան Պողոսյանի, Արամ Հարությունյանի, Ալեքսանդր Սարգսյանի, Լևոն Սարգսյանի, Վաչագան Ղազարանի, Ռուբեն Հայրապետյանի և մնացածի քրեական պատասխանատվության հարցը:

Այս մարդկանցից բացի, քրեական պատասխանատվությունից խուսափել են Գևորգ Կոստանյանը, Վահագն Հարությունյանը, Սամվել Մայրապետյանը, Սամվել Ուզունյանը և այլք:

Բացի այդ, մի շարք այլ քրեական գործեր դոփում են տեղում, իսկ որոշ անհատներ անգամ շարունակում են մնալ անձեռնմխելի:

Բացի այդ, մինչ օրս հայտնի չեն մարտի 1-ի մարդասպանները, ինչպես նաև չեն բացահայտվում և հույս էլ չկա, որ կբացահայտվեն նախորդ տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական սպանությունները:

Վերջիվերջո, ինչպես Դուք եք ասում՝ կարելի՞ է լրջանալ, թե՞ ոչ:

Առհասարակ, Ձեր իշխանությունը ունա՞կ է կոնկրետ մեկ հարց լուծել և ներկայացնել հանրությանը, որ այդ հարցը լուծվել և հասցվել է իր տրամաբանական ավարտին: Մարդիկ Ձեզ վստահության քվե են տվել՝ ակնկալելով, որ կփոխվի իրենց կյանքի որակը, և Դուք կիրականացնեք Ձեր խոստումները:

Այս անպատասխանատու մթնոլորտին պետք է վերջ տրվի:
     Հանրային հաշվետվողականությունն այն չի, որ Դուք ամեն օր ելույթներ եք ունենում:

Բարի եղեք հանրությանը ներկայացնել հաշվետվություն, թե ինչո՞ւ է այս մարդկանց լեզուներն այսքան երկարել, ինչո՞ւ չի լուծվում այս մարդկանց քրեական պատասխանատվության հարցը, և այդ ինչպե՞ս է պատահում, որ այս մարդիկ ոչ միայն հասցնում են «Պլստալ» ու թռնել Հայաստանից, այլև, գտնվելով դրսերում, ծիծաղում են Ձեր վրա և ծիծաղի առարկա դարձնում մեր երկիրը»: