ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Հարություն Հարությունյանը դիմելով Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանին գրել է. «Երեկ կատարել եք մի շարք հայտարարություններ, որով փորձում եք ստվերել ՀՀ փաստաբանների պալատը և այդ հայտարարության մասով որոշ «անհայտ» ծագման պատգամավորներ, փորձում են մանիպուլացնել՝ մոռացության մատնելով, որ փաստաբանների նկատմամբ ճնշումների փորձը ոչ միայն դատապարտելի, այլ նաև քրեորեն հետապնդելի արարք է։
Դուք հանդիսանում եք ՀՀ կառավարության խորհրդակցական մարմնի՝ հանրային խորհրդի նախագահ և կատարում եք հայտարարություններ, որոնցից մեկով, մասնավորապես․ «․․․ պետք է հասնել նրան, որ այդ խավն իրեն պատշաճող նախագահ ունենա, որը միլիոններ չի լվանա»։
Ձեր այս եզրահանգումից ակնհայտ է, որ Դուք ՀՀ փաստաբանների պալատի նախագահին մեղադրում եք միլիոններ լվանալու մեջ։ Այդ նույն պալատի մեկ անդամն եմ նաև ես, ով այս պահին հանդիսանում է նույն պալատի խորհրդի անդամ։
Հիմա, որպես բարձրաստիճան պաշտոնատար անձ, ով կարծում եմ պետք է գիտակցի իր արտահայտած բառերի նշանակությունը և զբաղեցրած պաշտոնի դերը, ինձ և իմ բազմաթիվ գործընկեր փաստաբաններին պարզաբանեք, թե ինչ իրավական և փաստական հենք ունեն Ձեր հնչեցրած փաստերը, հակառակ դեպքում կստացվի, որ դուք շարքային ստախոս եք, ով պատրաստ է իր ընտանիքի անդամի խնդիրները օգտագործել՝ փորձելով մանիպուլացնել որոշակի զանգվածի՝ մոռանալով, որ գործ ունի մասնագիտական համայնքի հետ։
Հ․Գ․ Անկեղծ ցավում եմ մեր գործընկեր Սեդա Սաֆարյանի մտերիմների հետ կապված միջադեպի մասով և հայտնում իմ զորակցությունը»։