Ռուբեն Մխիթարյանի էջից.

«6-րդ օրը ՆԱ ստեղծեց մարդուն…»

Աշխարհը կարանտինի մեջ է… Կարանտին, որի ընթացքում մարդիկ կտրվելով իրենց իսկ ստեղծած բազմահազար վայելքներից փակվել են տներում… Մենք արդեն 7-րդ օրն ենք կարանտինի մեջ և կարծես անցնում ենք ինքնաճանաչման և ինքնագիտակցման ճանապարհ…

Զարմանալի է… Սերը, կարոտը, հոգատարությունը, պատասխանատվությունը, ազնվությունը , այսինքն այն ինչ մեր մեջ տարիներով փորձում էին սերմանել ու դաստիարակել դպրոցներն ու համալսարանները, կրթական և հասարական հազար ու մի հիմնադրամները, կուսակցություններն ու «հերթական փրկիչները» շատ ավելի արագ կարողացավ անել ինչ-որ մի վիրուս… Ինֆեկցիա…

Հանկարծ, երկար ժամանակ մնալով տանը դու սկսում ես նկատել բաներ, որոնց տարիներով ուշադրություն չես դարձրել, համարելով դա բնական… ինքնըստինքյան…

Քո մեջ սկսում են արթնանալ զգայարաններ և զգացողություններ, որոնք տարիներով բթացել են ժամանակակից աշխարհի հրամաններով և հրամայականների պատճառով…

Դու հասկանում ես, որ ընդունել ես խաղի այնպիսի կանոններ, որտեղ քո մեջի մարդը ի սկզբանե, խաղը դեռ չմեկնարկած պարտվել է պրագմատիզմին և մեխանիզմներին, նորաձևությանն ու թրենդներին, համացանցին ու էյֆորիային…

Իսկ կարանտինն ընթացքի մեջ է… Դու վերջապես սկսում ես կարդալ տարիներով դարակի վրա դրված, բայց ժամանակին մեծ ջանքերի գնով ձեռքբերված գիրքը ու հերթական էջը թերթելով, լսելով, թե կողքի սենյակում ինչերից են խոսում երեխաներդ, փակում ես գիրքը ու գնում նրանց մոտ… Նրանք մեծացել են… Դու հասկանում ես, որ ուզում ես նրանց հետ ընկերություն անել, վայելել նրանց ամեն մի ժպիտը, կատակը, փորձել մի պահ դառնալ իրենց տարիքին…Հետո հիշում ես քո տարիքը ու ոչ միայն քոնը… Դու հասկանում ես, որ ժամանակը քո ծնողներից խլել է իրենց լավագույն տարիները և բաշխել քեզ ու դու հիմա հենց այդ տարիքում ես… Հանկարծ մեջդ մի աննորմալ կարոտ է առաջանում, դու արագ մի բան ես գցում վրեդ, նստում մեքենան ու սլանում դեպի քո սկիզբը… ԵՎ կապ չունի, որ կես ժամ առաջ ես խոսել հետները, դու ուզում ես բացել հայրական տանդ դուռը և տեսնել քո կյանքի երկու սյուներին… Տեսնել, որ նրանք ամուր կանգնած են իրենց ոտքերի վրա ու առանց արհեստական նախատինքի ուրախ են, որ եկար… Ու թեկուզ առանց գրկախառնվելու, միայն աչքերով քեզ շոյելով ու գրկելով սկսում են կատակել ու հենց իրենք քեզ ուժ տալ, որ ամեն ինչ լավ է… Դու իքնդ էլ չես հասկանում ինչպես վերադարձի ճանապարհին քո մեքենայի մեջ հայտնվում են մորդ պատրաստած թթուների, ջեմերի, մուրաբաների և կոմպոտների բանկաները ու ճանապարհին դու անդադար շնորհակալություն ես հայտնում Աստծուն, որ նա դեռևս իրենց ժամացույցին հետհաշվարկ չի միացրել… Որովհետև գուցե գիտի, թե նրանք ինչքան են քեզ պետք:

Տուն մտնելով, դու երկար ժամանակ չես կարողանում հայացքդ կտրել կնոջիցդ… Միայն հիմա, երբ դու մեկ շաբաթ է տանն ես, տեսնում ես, թե ով է իրականում իր ուսերի վրա կրում մեր բոլորի «պարտադրված բանտարկությունը» թեթևացնելու ամբողջ բեռը… Իսկ այդ բեռը եղել է միշտ… Բայց դու տանը չես եղել ու քո համար դա միշտ եղել է բնական… ինքնըստինքյան… սովորական… դե դա այդպես էլ պետք է լիներ, դա այն դերաբաշխումն է, որը մենք ինքներս ենք ընտրել… Ուղղակի գլխավոր դերակատարների հարցն է հիմա արդեն հարաբերական… Հանկարծ դու հասկանում ես, որ քո կյանքում երկրորդ պլանի դերասաններ ուղղակի չկան… Բոլորն են կարևոր:

Դու քիչ-քիչ աշխարհին սկսում ես նայել ոչ թե ամերիկացու, իտալացու, ռուսի աչքերով, ոչ թե դրսից ներս, այլ ներսից դուրս… Առաջ, դու քո տանը փորձում էիր քայլել աշխարհին համընթաց, բայց հիմա… Ու՞ր է քո այդ աշխարհը… Ու՞մ է պետք այն… Ինչպե՞ս մի անտեսանելի վիրուս կարողացավ նրա հախից գալ…

Դու սկսում ես գիտակցել, թե ինչքան անիմաստ գումար ես ծախսում կյանքում ոչ մի նշանակություն չունեցող բաների վրա: Դու ամեն տարի գնում ես կիլոգրամներով չուլ ու փալաս, որոնք, եթե միամիտ պարզվի, որ 2 տարի տանից դուրս չպետք է գաս, ոչ մեկին պետք չեն… Նույնիսկ քեզ… Որովհետև էդ չուլ ու փալասը քեզ իրականում պետք էր ուրիշի աչքին ավելին երևալու համար… Այսինքն քեզ պետք չէր, որովհետև հիմա տանը դու այն ես ինչ կաս…

Դու հասկանում ես, թե որքան հեշտ է սուտ խոսելը և ինչքան դժվար է միշտ ճշմարտություն ասելը… Դու գիտակցում ես, որ ցավոք մարդիկ հավատում են նրան ինչին ուզում են հավատալ և ահավոր դժվարությամբ են համակերպվում դառը իրականության հետ: Իսկ դառը իրականությունը միշտ եղել է, ուղղակի դու հավատացել ես «լայքերին և շեյռերին»… Հենց հիմա դու ապրում ես էդ իրականության մեջ, իսկ դառն է այն նրա համար, որ դու հավատացել ես նրան, ինչին ուզեցել ես հավատալ… Դու ուղղակի չես ցանկացել առերեսվել իրականությանը… Իսկ այն միշտ դառն է… Քաղցր «լիմոն» չի լինում, եթե նույնիսկ այն թաքնված է «ապելսինների» ետևում:

Այո… Մեզնից միլիոններ անգամ փոքր մի վիրուս այսօր մեզ դաստիարակում է այնպես, ինչպես չի կարողացել ոչ ոք… Որքան անիմաստ են իմ համար ձեր քաղաքական հայտարարությունները, ընդհատակյա պայքարը և համբերատար հերթական առճակատման պատրաստվելը, որովհետև ես ապրել եմ ուզում հիմա… ապրել եմ ուզում վաղը, ապրել եմ ուզում իմ կյանքի ամեն մի օրը այն մարդկանց հետ ու այն մարդկանց համար ում սիրում ու կարոտում եմ, նույնիսկ երբ իրենք իմ կողքին են: Ես ապրել եմ ուզում իրար ներող ու հարգող, իրար հանդեպ հոգատար և հանդուրժող մարդկանց երկրում, որտեղ կյանքը երբեք չի շարունակվելու կամ ընդհատվելու մի ինչ-որ «քոմենթի լայքերի» քանակից, կամ պակասից… ես ուզում եմ ապրել, ոչ թե հին, կամ նոր Հայաստանում, այլ ԼԱՎ Հայաստանում… ԼԱՎ…

Աշխարհը վերբեռնվում է… Մեր հոգին ու միտքն էլ են վերբեռնվում…

Աստված 6-րդ օրը ստեղծեց մարդուն իր պատկերով և նմանությամբ, իսկ 7-րդ օրը հանգստացավ… Հանգստացավ գուցե վերլուծելու համար այն 6 օրերը, որոնց ընթացքում ստեղծել էր այն, ինչն այսօր փակվել ու մեկուսացել է ինքն իրենից… Այն, ինչ վաղը հաստատ չի լինելու նախկինը… Այն, ինչ տա Աստված, լինելու է ոչ թե ՆՈՐԸ, այլ ավելի ԼԱՎԸ:

Այսօր, վաղը, ինչ որ մի ժամանակ, բայց այն լինելու է լավը:

Այսօր կարանտինի 7-րդ օրն է… Բուժաշխատողներին ուժ և համբերությունը: Առողջություն և ապաքինում մեր հայրենակիցներին: Աստված բոլորիս պահապան: