Նախորդ տարի Իրանում Ադրբեջանի դեսպանությունում կազմակերպված Խոջալուի դեպքերին նվիրված ցուցահանդեսի մասնակիցներին ադրբեջանական կեղծիքն ավելի համոզիչ դարձնելու նպատակով Ադրբեջանի դեսպանը Հայոց ցեղասպանության ժամանակ արված լուսանկարը վերագրել էր Խոջալուում տեղի ունեցած դեպքերին: Այդ կեղծիքն, իհարկե, շատ արագ բացահայտվեց: Հավանաբար նախորդ տարվա Խոջալուի միջոցառման տապալումից հետո այս տարի կազմակերպված միջոցառման ժամանակ Ադրբեջանի դեսպանը փորձել է իրանցիների մոտ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ՝ ցույց տալով, թե Ադրբեջանը որքան իրանասեր է, ա՛յ հայերը, տեսե՛ք, առաջին իսկ առիթն օգտագործեցին՝ փակելով Իրանի հետ սահմանը:
«Միշտ աղոթել եմ, որ մի օր Հայաստանի և Իրանի սահմանը փակվի, այսօր իմ աղոթքն իրականություն դարձավ, և Հայաստանն իր ձեռքով փակեց Իրանի հետ սահմանը: Վիրուսն ի՞նչ է, որ դրա պատճառով սահմանը փակեցին՝ Իրանի քաղաքացիներին դուրս հանելով երկրից»,- ասել է Իրանում Ադրբեջանի դեսպանը:
Հավանաբար երիտասարդ դեսպանի հայտարարարության լրջությունը ստուգելու նպատակով էր, որ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հեռախոսազրույց էր ունեցել և շեշտել սահմանները բաց պահելու անհրաժեշտությունը: Սակայն Բաքվի դեսպանի վերոնշյալ «հանճարեղ» հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց հենց իր ղեկավարած դեսպանությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Ադրբեջանը երկու շաբաթով փակում է Իրանի հետ սահմանը. պատճառը, բնականաբար, կորոնավիրուսն է: