Երեկ շատ ուշադիր հետևում էի Արայիկ Հարությունյանին հանդիպել ցանկացող դաշնակցական երիտասարդների գործողություններին և իշխանության հակազդեցությանը։ Շատ բան չունեմ ասելու, ամեն ինչ մեր բոլորիս աչքի առջև է եղել։ Բայց մի քանի փաստ ամեն դեպքում ուզում եմ արձանագրել։
Նախ այն, որ ընդամենը կես ժամվա մեջ երիտասարդները պատռեցին իշխանությունների հագած ժողովրդավարական դիմակը։ Նրանց ուզածը մեծ բան չէր՝ ընդամենը հանդիպում ԿԳՄՍ նախարարի հետ։ Ընդ որում՝ հանուն այդ հանդիպման նրանք լռել էին իրենց նախկին՝ ավելի վճռական պահանջի՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին։ Այսինքն, երկխոսության, հարցը քննարկումների միջոցով լուծելու հնարավորություն էին բացել իշխանությունների համար, որից վերջիններս չօգտվեցին։
Երկրորդ, նույն այդ ընթացքում երիտասարդները հստակ ցույց տվեցին, որ Հայաստանում իշխում է սովորական երեսպաշտների թիմ։ Վստահ եմ նկատել եք, որ իրենց ակցիայի ընթացքում նրանք օգտվել են նույն գործիքակազմից, որով Նիկոլ Փաշինյանը իշխանություն զավթեց մեր երկրում, հետո էլ սկսեց ճնշել քաղաքական ընդդիմախոսներին ու դատարաններին։ Ինչ խոսք՝ հրաշալի փերֆորմանս էր, որն անվճար նվիրվեց մեր ժողովրդին։
Եվ երրորդ, որ ամենակարևորն է, երիտասարդները երեկ վերջնական փաստեցին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այլևս ժողովրդական չէ, ինչպես ինքն է սիրում հաճախ այդպես ասել։ Այն վաղուց արդեն իրավապահ համակարգի և ոստիկանական ուժի վրա հիմնված իշխանություն է, որը խիստ սահմանափակ ռեսուրս ունի։
Ի դեպ, այս վերջին կետի մասին թող հիշի նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Հատկապես այսօր դա շատ պետք կգա նրան ու իր վարչապետին։ Հուսով եմ՝ հասկանում եք, թե ինչի մասին եմ խոսում։