13:13
«Ծայրահեղական և անտրամաբանական մոտեցումները ամբողջ երկիրը կանգնեցրել է վտանգավոր ճամփաբաժանի»

Վարչապետի և ԱԱԾ պետի փոխադարձ մեղադրանքներով լի հայտարարությունները, անշուշտ, սպասվելիք ներքաղաքական բեկումնային պրոցեսների մասին են վկայում: Սակայն իմ խորին համոզմամբ, սա ոչ միայն ներքաղաքական հետևանքներ կարող է ունենալ, այլև մեր երկրի անվտանգության վրա կարող է բացասաբար ազդել: Վարչապետի պաշտոնը ստանձնած անձը իր անզուսպ և անպատասխանատու կեցվածքով, հայտարարություններով հատելով բոլոր կարմիր գծերը, գիտակցաբար թե անգիտակից, պարարտ հող է ստեղծում հակառակորդի համար:

Անցած մեկ ու կես տարին ապացուցեց, որ երկրի թիվ 1 պատասխանատուն առավել հակված է լարվածություն ստեղծելուն, քան առկա խնդիրները լուծելուն: Ծայրահեղական և անտրամաբանական մոտեցումները ամբողջ երկիրը կանգնեցրել է վտանգավոր ճամփաբաժանի: Սպայի պատվից խոսող, իսկ այդ պատվի մասին նույնիսկ տեսական պատկերացում չունեցող մարդը, աջ ու ձախ ոտնատակ է տալիս ամեն ինչ, ընդհուպ՝ թիրախավորելով որոշ հոգևորականների, հարվածում է Հայ Առաքելական Եկեղեցուն: Հետևելով քայլերի հաջորդականությանն ու բովանդակությանը, ցավոք ակնհայտ է արդեն, որ վարչապետի որդեգրած քաղաքականությունը, օր օրի երկիրն ու հասարակությանը էլ ավելի բացասական անակնկալների առջև է կանգնեցնելու: Ստեղծված իրավիճակում կոչ եմ անում՝ սթափվել և կանգ առնել:

Հիշե´ք, պաշտոնները, հասարակական դիրքը, քաղաքական շահերը, անձնական մոտիվացիաները, փոփոխվող և անցողիկ են, իսկ մնայունը՝ Ազգն է ու Հայրենիքը:

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից:


Առաջարկում ենք նաև
Լրահոս