ՀՀ «ՎԱՐՊԵՏՆԵՐ» անսամբլի մեներգչուհի, Գյումրվա «Ոսկե վարպետ» և «Մովսես Խորենացի» մեդալակիր՝ Անահիտ Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վրդովմունքս պատահական չէ. ես և ինձ նման գյումրեցի շատ երգիչներ հանկարծ իմանում ենք, որ մենք հրավիրված չենք մեր քաղաքի ՝ Գյումրիի տոնին:

Զարմացա ոչ միայն ես, այլ բոլոր այն երգիչները, որոնց սիրով միշտ ապրել է Գյումրիի հյուրընկալ ու արվեստասեր ժողովուրդը, որի ուրախ ու տխուր օրերին մշտապես իր կողքին ենք եղել և հաճախ բեմերից իջել արցունքոտված աչքերով։

Ո՞վ չգիտի, որ Գյումրին արվեստների քաղաք է, նա միշտ էլ անշահախնդրորեն է վերաբերվել հոգևոր արժեքներ կրող բոլոր արվեստագետներին:

Քաղաքի տոնին պետք է մասնակցեին ոչ միայն հրավիրված երգիչներ, այլև Գյումրվա կոլորիտը կրող երգիչ-երգչուհիներ, որոնք, չխնայելով իրենց առողջությունն ու ժամանակը, բարեգործական հիմունքներով մշտապես հանդես են եկել Գյումրիի տարբեր բեմերում՝ աշխատելով ծանր ողբերգության և սոցիալական աղետի մեջ ապրող հայենակիցների հոգուց թեկուզ մի պահ վանել հուսահատությունը: Սիրելի՛ գյումրեցիներ, մենք միշտ ձեր կողքին ենք լինելու:

Նախորդ քաղաքապետի օրոք մենք բոլորս մշտապես մասնակից ենք եղել Գյումրի քաղաքի բոլոր միջոցառումներին: Արդյո՞ք սա նոր քաղաքապետի անձնական վերաբերմունքը չէ՝ որպես մեր ժամանակների տխուր քաղաքականության իրողություն:

Սիրելի՛ գյումրեցիներ, ինձ և իմ կոլեգաներին ուղղված ձեր բազում մտահոգ զանգերի պատասխանները դուք կստանաք բոլորիս անհայտ կենսագրությամբ Գյումրիի մշակույթի վարչության պետից:
Վերջում կուզենայի ավելացնել, որ արվեստը սահմաններ չի ճանաչում, սահմաններ մի՛ դրեք …
Շնորհավո՛ր տոնդ, իմ սիրելի քաղաք Գյումրի»: