Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է Սելևկյան պետության պատմությունը:

Ալեքսանդր Մակեդոնացու մահից՝ մ.թ.ա. 323 թվականից հետո, նրա տերությունը մասնատվեց երեք մասի: Բալկաններում՝ Մակեդոնիայի թագավորությունը, Եգիպտոսում Ալեքսանդրի զորավարներից Պտղոմեոսը հիմք դրեց Պտղոմյանների թագավորությանը, իսկ Ալեքսանդրի մերձավոր զորավար Սելևկոս Նիկատորը (Հաղթող) մ.թ.ա. 312 թվականին Ասորիքում հիմք դրեց Սելևկյան պետությանը: Սելևկյանները դարձան Ալեքսանդրի կայսրության հիմնական տարածքների ժառանգորդը: Նրանք նաև կարճ ժամանակում հավակնեցին վերականգնել մասնատված երբեմնի կայսրությունը և նրանց ճանապարհին ի թիվս այլ երկրների, կանգնած էր նաև Հայաստանը:

Մ.թ.ա. չորրորդ դարում, Հայաստանն իրենից ներկայացնում էր միմյանցից անկախ, մասնատված չորս թագավորություններ. Երկու մասի բաժանված Մեծ Հայքի թագավորությունը, Փոքր Հայքի թագավորությունը, Ծոփք-Կոմմագենեի միացյալ թագավորությունը:

Սելևկյանների պետության հիմնադիրը՝ Սելևկոս Ա Նիկատորն, իր զինակիցներին համախմբելով երբեմնի կայսրության մայրաքաղաք Բաբելոնում, հռչակեց իր թագավորությունն ու ակտիվ արտաքին քաղաքականություն վարեց: Փորձելով վերականգնել Ալեքսանդրի կայսրությունից անջատված երկրամասերը՝ նա արշավանքներ ձեռնարկեց և մեկը մյուսի հետևից գրավեց Միջագետքը, Իրանը, Աֆղանստանը, Պակիստանի տարածքը, Միջին Ասիայի հարավային հատվածը: Սելևկոսը չմտավ Հայաստան: Հավանաբար, նրա մոտ թարմ էին մ.թ.ա. 331 թվականին Գավգամելայի ճակատամարտում հայոց բանակի ցուցաբերած ահեղ կռիվը մակեդոնական զորքերի դեմ, երբ Ալեքսանդրի առաջին հարվածներից պարսկական զորքն ընկրկեց, իսկ հայոց բանակը մինչև երեկո կռիվ տալով՝ արժանապատիվ կերպով նահանջեց:

Սելևկյան արքաների առաջին հաջողություններին արևելելքում հաջորդեցին լուրջ պարտությունները: Սելևկյանները բախվեցին Մաուրյա կայսրության առաջնորդ Չանդրագուտպա Մաուրյայի հետ: Պատերազմի արդյունքում սելևկյանները կորցրին իրենց արևելյան տիրույթների հիմնական մասը՝ մինչև Պակիստան և Միջին Ասիա:

Ապա Սելևկյանների դեմ մի նոր ախոյան վեր խոյացավ՝ Պարթևական թագավորությունը: Միհրդատ Ա Արշակունին կարողացավ ջախջախել սելևկյանների զորությունները Իրանի տարածքում և նրանց տիրույթներն ամփոփել Ասորիքով, Միջագետքով և Փոքր Ասիայով:

Սելևկյաններն ու Պտղոմյանները Արևելքում առաջնության համար անհաշտ պայքար սկսեցին: Սելևկյանները մի քանի տպավորիչ հաղթանակներ տարան: Սակայն Եգիպտոսի Պտղոմյանների թագավորությանը կործանումից փրկեցին հռոմեացիները:

Հռոմի հանրապետությունն ինքն էլ տարածվելով դեպի Արևելք՝ ցանկանում էր իր տիրապետությունը հաստատել Փոքր Ասիայում, ըստ այդմ՝ Հռոմի և Սելևկյանների բախումն անխուսափելի էր:

Ի դեպ՝ Սելևկյաններն առանձին փորձեր կատարեցին իրենց ենթարկելու նաև հայոց թագավորությունները: Սակայն եթե որոշ հաջողություններ արձանագրեցին Փոքր Հայքի և Ծոփք-Կոմմագենեի թագավորությունների նկատմամբ, Մեծ Հայքի թագավորությունը չընկրկեց Սելևկյան պետության առաջ:

Հայ ժողովրդի պատմության մեջ առանձնակի դեր ունի սելևկյան թագավոր Անտիոքոս Գ Մեծը: Նրա օրոք, Մեծ Հայքի արքա Երվանդ Դ դեմ ապստամբեց իր ազգականը՝ Արտաշեսը, ով հաղթեց արքային, գրավեց հայոց մայրաքաղաք Բագարանը և սպանեց նրան: Այս ապստամբության ժամանակ Անտիոքոս Գ Մեծն աջակցեց ապստամբներին: Արտաշեսի ապստամբ բանակի կազմում ամենայն հավանականությամբ, կային նաև սելևկյան գնդեր: Ապստամբության հաղթանակից հետո՝ մ.թ.ա. 200 թվականին, Մեծ Հայքի թագավորությունը կորցրեց իր անկախությունը և մաս կազմեց Սելևկյան աշխարհակալության: Թվում էր՝ սելևկյանները հեշտությամբ լուծեցին Հայաստանի միացման խնդիրը:

Սելևկյան արքա Անտիոքոս Գ Մեծը (մ.թ.ա. 223-187), վճռական քայլ կատարեց՝ Եվրոպա թափանցելու և իրեն ենթարկելու Բալկանյան թերակղզին: Սակայն նրա դեմ կանգնեց Հռոմեական հանրապետությունը: Մ.թ.ա. 190 թվականին, Հռոմի և սելևկյանների բանակները բախվեցին Մագնեսիայում: Դա վճռական ճակատամարտ էր Արևելքի և Արևմուտքի միջև: Մագնեսիայի ճակատամարտում վճռվում էր ժամանակի աշխարհի քաղաքական բախտը: Եվ այն վճռվեց Արևմուտքի օգտին: Անտիոքոս Գ ջախջախիչ պարտություն կրեց: Հռոմը վճռական հայտարարեց, որ Արևելքի քաղաքական քարտեզն այլևս առանց իրեն չի գծվի: Իսկ սելևկյանների աստղը դանդաղորեն թեքվեց ցած:

Մագնեսիայի ճակատամարտից շատ չանցած՝ Սելևկյան պետության դեմ ապստամբեցին Մեծ Հայքի և Ծոփքի կառավարիչներ Արտաշես և Զարեհ Երվանդունիները: Նրանք ջախջախեցին սելևկյան բանակներին Հայստանում և Մեծ Հայքն ու Ծոփքը հռչակեցին անկախ պետություններ:

Մեծ Հայքում սկսվեց Արտաշեսյան դարաշրջանը: Նոր գահ բարձրացրած Արտաշես Ա Բարեպաշտը (մ.թ.ա. 189-160) ոչ միայն ամբողջացրեց հայոց երկրի սահմանները, այլև հարձակվելով Սելևկյան պետության վրա՝ մ.թ.ա. 168 թվականին Անտիոքոս Դ Եպիփանեսից խլեց Տմորիք երկրամասը: Միայն չորս տարի անց՝ մ.թ.ա. 164 թվականին, սելևկյանները փորձեցին վերականգնել իրերի նախկին վիճակը, սակայն Արտաշես արքան ջախջախեց նրանց զորքն ու Տմորիքը մնաց Մեծ Հայքի կազմում:

Օգտվելով, առիթից, որ Սելևկյան պետությունը թուլացել էր գահակալական կռիվների արդյունքում և քայքայման եզրին էր, հայոց արքայից արքա Տիգրան Բ Մեծը (մ.թ.ա. 95-55) հավակնություններ ցուցաբերեց սելևկյան գահի նկատմամբ: Սակայն գործը ռազմական ներխուժման չհասավ: Սելևկյան արքունիքում ձևավորվեց մի խմբավորում, որ ցանկացավ հայոց աշխարհակալին տեսնել սելևկյան գահին: Մ.թ.ա. 84 թվականին սելևկյան ավագանին Տիգրան Մեծին հրավիրեց բազմել պետության գահին: Որպեսզի ավարտին հասցնի սելևկյանների պետությունը վերջնականապես նվաճելու ծրագիրը, Տիգրան Մեծը հետապնդեց և կալանեց գահի թեկնածու Սելենե թագուհուն, նրան մահապատժի ենթարկեց: Եվ հայոց բանակն առանց դիմադրության մտավ Սելևկյան պետության տարածք և սելևկյանների երբեմնի զորեղ պետությունը կցվեց հայոց աշխարհակալությանը: Այսպիսով, Սելևկյան պետությունը փաստացի դադարեց գոյություն ունենալ:

Սակայն հայոց գերիշխանությունը Ասորիքում երկար չտևեց: Տիգրան Մեծը հայ-հռոմեական պատերազմում պարտվեց Լուկուլլոս զորավարից, և վերջինս գրավելով Ասորիքը՝ այնտեղ գահ բարձրացրեց սելևկյան պետության վերջին գահակալին՝ Անտիոքոս ԺԳ Ասիացուն: Սակայն նրա թագավորությունը ոչ միայն անվանական էր, այլև՝ կարճատև:

Մ.թ.ա. 66 թվականին հռոմեացի զորավար Պոմպեոսը վերջնականապես ընկճելով Տիգրան Մեծի տերությանն՝ անցավ հարավ և երկու տարի անց գահազուրկ հայտարարեց Անտիոքոս ԺԳ, Ասորիքը միացնելով Հռոմեական հանրապետությանը:

Սելևկյան պետության արքայացանկը.

Սելևկոս Ա Նիկատոր (մթա 312-281), Անտիոքոս Ա Սոտեր (մ.թ.ա. 281- 261), Անտիոքոս Բ Թեոս (մ.թ.ա. 261-246), Սելևկոս Բ Կալլինիկոս (մ.թ.ա. 246 – 226), Սելևկոս Գ Սոտեր (մ.թ.ա. 226-223), Անտիոքոս Գ Մեծ (մ.թ.ա. 223- 187), Սելևկոս Դ Փիլոպատոր (մ.թ.ա. 187- 175), Անտիոքոս Դ Եպիփանես (մ.թ.ա. 175- 164), Անտիոքոս Ե Եվպատոր (մ.թ.ա. 164- 162), Դեմենտիոս Ա Սոտեր (մ.թ.ա. 162- 150), Ալեքսանդր Ա ( մ.թ.ա. 150- 145), Դեմետրիոս Բ Նիկատոր (մ.թ.ա. 145 – 138), Անտիոքոս Զ Եպիփանես (մ.թ.ա. 145-141), Անտիոքոս Է (մ.թ.ա. 138- 129), Դեմետրիոս Բ Նիկատոր (մ.թ.ա. 129- 125 (երկրորդ անգամ)), Սելևկոս Ե ( մ.թ.ա. 125), Անտիոքոս Ը Գրյուպոս (մ.թ.ա. 125- 96), Անտիոքոս Թ Կյուզիկեցի (մ.թ.ա. 115- 95), Դեմետրիոս Գ (մ.թ.ա. 96- 88), Սելևկոս Զ ( մ.թ.ա. 96- 95), Անտիոքոս Ժ Եվսեբես (մ.թ.ա. 95- 92), Անտիոքոս ԺԱ ( մ.թ.ա. 93), Փիլիպպոս Ա ( մ.թ.ա. 93- 84), Անտիոքոս ԺԲ Փիլադելփոս (մ.թ.ա. 87-84), Անտիոքոս ԺԳ Ասիացի (մ.թ.ա. 66-63):