«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հուլիսի 19-ին Բոստոնում Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ միասին հանդիպել է հայ համայնքին։ Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում սփյուռքահայ հայրենակիցներին կոչ է արել ներդրումներ կատարել Հայաստանում։

Ինչպես են բոստոնաբնակ մեր հայրենակիցները արձագանքել Հայաստանի փոխվարչապետի հորդորներին՝ հայտնի չէ։ Ինչպես որ հայտնի չեն թավշյա հեղափոխությանը հաջորդած մեկուկես տարիների ընթացքում Հայաստանում կատարված ներդրումների մասին տեղեկություններ։

Ընդհանրապես Սփյուռքի հետ հարաբերություններում նոր Հայաստանի նոր իշխանությունը ըստ էության կիրառում է նախկին մեթոդները՝ կոչեր հայրենակիցներին մասնակցելու Հայաստանի շենացմանը։ Տարբեր է միայն հռետորաբանությունը. եթե նախորդ իշխանությունները շեշտը դնում էին հիմնականում կեղծ հայրենասիրության վրա, ապա նոր Հայաստանի նոր իշխանության հռետորաբանությունը սահմանափակվում է հեղափոխությամբ, թավշյա հեղափոխությունը որպես Հայաստանի մրցակցային առավելություն ներկայացնելու անօգուտ փորձերով։

Մինչդեռ ներդրումների համար պետք են ոչ թե գեղեցիկ հայտարարություններ, այլ կոնկրետ, առարկայական ծրագրեր, ռազմավարություն, Հայաստանի տնտեսության ազատականացման և ամենակարևորը՝ իրական բարեփոխումների մասին ապացույցներ։

Նոր Հայաստանի նոր իշխանությունն անցած մեկուկես տարիների ընթացքում այդպես էլ մնաց հեղափոխության, հեղափոխական տրամաբանության ծիրի մեջ, այն դեպքում, երբ երկրի, առավել ևս՝ տնտեսության զարգացումը պահանջում էր ու է, որ հեղափոխական իշխանությունը վերափոխվի բարեփոխիչների իշխանության։ Որքան էլ գեղեցիկ են հնչում «տնտեսական հեղափոխության» մասին բանաձևումները, այդուհանդերձ տնտեսությանն իրականում անհրաժեշտ է ոչ թե հեղափոխություն, այլ անհրաժեշտ են բարեփոխումներ, արմատական բարեփոխումներ, որոնք Հայաստանը ներդրումների համար գրավիչ կդարձնեն ոչ միայն մեր հայրենակիցների, այլ նաև օտարերկրացիների շրջանում։

Ակնհայտ այս իրողությունների պայմաններում, սակայն, իշխանությունը որևէ քայլ չի կատարում հեղափոխության տրամաբանությունից, հռետորաբանությունից ու որպես դրանց հետևանք՝ հեղափոխությունը որպես Հայաստանի այցեքարտ ներկայացնելու անպիտան քաղաքականությունից հրաժարվելու ուղղությամբ։

Իսկ այդ պայմաններում աշխարհի ցանկացած ծայրում հնաոճ կոչերն ու հորդորները մնալու են անարձագանք, քանի որ նոր Հայաստանի նոր իշխանությունը մարդկանց առաջարկում է ներդրումներ կատարել, ըստ էության, հին Հայաստանում, որն իրապես բարեփոխելուն ուղղված որևէ առարկայական քայլ չի կատարվում»։