Մոդել Անիտա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մտածում եմ, թե վերջապես երբ է Հայաստանում ընդունված լինելու, որ ամեն մարդ զբաղվի իր գործով: Միայն այդ դեպքում «Միսս Հայաստանը» կդառնա ոչ թե համացանցային ծաղրի առարկա, այլ մրցույթ, որին կցանկանան մասնակցել համապատասխան տվյալներ ունեցող բոլոր աղջիկները, իսկ ընտրված գեղեցկուհին միայն գովասանքի կարժանանա, ոչ թե համացանցային ատելության և պարսավանքի: Ինչպես ասում են՝ «ձուկը գլխից է հոտում», իսկ այս պարագայում որպես «ձկան գլուխ» կարող ենք դիտարկել Մամիկոն Դանիելյանին, ով չլինելով պրոֆեսիոնալ, սխալմամբ կարծեց, թե իր կազմակերպածը շատ ավելի որակյալ կարող է լինել, քան իր գործի գիտակ Գոհար Հարությունյանինն էր: Մամիկոնը պարզապես պետք է մի փոքր իրատես լիներ և հասկանար, որ նման մասշտաբի մրցույթ կազմակերպելը պարզապես իր խելքի բանը չէ: Սակայն որքան մեղավոր է Մամիկոնը, այնքան էլ մեղավորության իրենց մեծ բաժինն ունեն այն մարդիկ (տվյալ պարագայում՝ Մշակույթի նախարարարության համապատասխան դեմքերը), ովքեր Մամիկոնին վաճառել են նման կարևորության մրցույթն անցկացնելու իրավունքը: Նրանք բոլորը, կարծես թե, չեն գիտակցում այս ամենի կարևորությունը, չէ՞ որ ընտրված գեղեցկուհին մեր բոլորի դեմքն է, իսկ ինչպես պետք է այն լավը լինի, երբ այդքան ցեխ կա շպրտված դրա վրա: Գեղեցկության մրցույթը վերածել են շուկայի, ընտրել ոչ գեղեցիկ մասնակցի, ով նաև տարրական գիտելիքներ չունի: Եվ այս մարդը պետք է ներկայացնի՞ մեզ և մեր երկիրը, նման խայտառակ մտքեր արտահայտի՞, իսկ հետո նշի, որ իրականում դա ինքը չէր, սակայն հասկանալով, որ բոլորը չէ, որ իր խելքին են, նշի, որ ոչ թե իր պատասխաններն էին խայտառակ, այլ պարզապես ինքը հեգնում էր:
Միակ բանը, որի հետ համաձայն եմ, այն է, որ իսկապես հեգնում են բոլորիս՝ նման ցածր մակարդակի մրցույթ կազմակերպելով: Եվս մեկ անգամ համոզվեցի, թե որքան ճիշտ էր այս մրցույցին մասնակցելու հրավերը մերժելը, չնայած դրան՝ հորդորում եմ համապատասխան մարդկանց վերահսկել իրենց և այլևս չնախաձեռնել նման մրցույթների կազմակերպումը, իսկ եղած խայտառակությունն էլ փորձել կոծկել՝ թույլ չտալով, որ մեր երկիրը ներկայացնեն նման դատարկամիտ աղջիկները:
Մենք չենք կարող աշխարհին նման ձևով ներկայանալ, այն դեպքում, որ բավական է շրջել փողոցով՝ հասկանալու, թե որքան գեղեցիկ են այսօր հայ աղջիկները և ամենակարևորը՝ տեղեկացված և խելացի: