«Իշխանության զարմանքները
Վերջին մի քանի օրերին ՀՀ իշխանությունների գործելաոճը բավականին զարմանքների պատճառ դարձավ…
Նախ, պարզվում է, որ հետհեղափոխական ԱԳՆ-ն նույն աշխատաոճն է ընտրել, ինչ նախահեղափոխականը՝ լռակյաց դիվանագիտություն… ՀՀ ԱԳՆ-ն ընդամենն արձագանքողի դերում է… Հայաստանի արտաքին հարաբերություններին վերաբերող կարևոր տեղեկությունները, ինչպես միշտ, շատ դեպքերում, մենք իմանում ենք Մոսկվայից, Բաքվից կամ այլ մայրաքաղաքներից… Իսկ պաշտոնական Երևանն ընդամենը լղոզված արձագանքում է այդ ամենին, լինի դա ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովի հայտարարությունը՝ Հայաստանում արտասահմանցի զինծառայողների գտնվելու վերաբերյալ պայմանագիր ստորագրելուն, թե Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի լավատեսությանը՝ կապված ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից, երբ բոլորն էլ լավ գիտեն, թե ինչ է նշանակում, երբ թուրք-ազերին գոհ է մնում հայ պաշտոնյայի հետ հանդիպումից…
Զարմանք է հարուցում նաև ՀՀ վարչապետի մեղմ արձագանքը Բելառուսի նախագահի լկտի հայտարարություններին… Կցանկանայի, որ երկրի ներսում “սևերին” պատեպատ ծեփող և ասֆալտին փռող մեր վարչապետը նույնն էլ աներ արտաքին «սևերի» նկատմամբ… Սակայն, որքան հասկանում եմ, այդ ամենին հայ հասարակությունն ականատես չի լինելու…
արմանքների շարքը կրկին շարունակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը դեկտեմբերի 17-ին իրեն խորհրդական նշանակեց Արշակ Կարապետյանին՝ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետին, որը 2016 թ-ի ապրիլյան պատերազմից առաջ որևէ տեղեկություն չի ունեցել ազերի-թուրքերի սպասվող հարձակման մասին…Սույն անձին 2016 թ-ի ապրիլյան կարճատև պատերազմից հետո առաջինը «ցտեսություն» ասացին ԶՈՒ-ից և աքսորեցին Մոսկվա… Փաշինյանի նեղ շրջապատի կողմից սույն անձի «հանցագործությունները» փաստելուց հետո էլ ՀՀ վարչապետը վերջինիս նշանակում է իրեն խորհրդական… Հետաքրքիր է… Ի՞նչ ծառայությունների դիմաց է Կարապետյանը դարձել Փաշինյանի խորհրդական… Զարմանալի է նաև այն, որ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությունների մասին կարծիք է հայտնում՝ մեջբերելով Բաքվի դիրքորոշումը… Երբևէ որևէ մեկը տեսել է, որ պաշտոնական Բաքուն հայ-ադրբեջանական տարբեր մակարդակներին վերաբերող բանակցությունների մասին ճիշտ տեղեկատվություն տարածի… Պաշտոնական Բաքվի կարծիքը բարձրաձայնելը ամենամեծ սխալն է…
Ուրախ կլինեմ, որ այսուհետ մեր իշխանությունները մեզ զարմացնեն իրենց ձեռքբերումներով, հատկապես արտաքին քաղաքականության և երկրում սոցիալ-տնտեսական վիճակի շոշափելի բարելավման առումով… Իսկ այս շրջանում, շատ ուրախ կլինեմ, որ մեր իշխանությունները մեզ վերը նշված զարմանքներից զերծ պահեն…
Հ.Գ. Իր տարեվերջյան մամլո ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում հանդիպելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին… Այս անգամ ևս Հայաստանի վարչապետի արտասահմանյան այցի մասին մենք իմանում ենք արտասահմանից… Հուսանք՝ Փաշինյանը ևս մեզ պես նոր չիմացավ, որ Մոսկվա է այցելելու հաջորդ շաբաթ…»: