Էյֆորիզմից ու դեպրեսիվիզմից մի պահ կտրվենք ու նայենք հարցին ավելի ակդեմիական ու սառնասիրտ տեսանկյունից։

ՀՀԿ+ՀՅԴ հավաքել են շուրջ 100․000 ձայն, իսկ մյուս կողմից Իմ Քայլի, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՜ Նիկոլի ռեյթինգը ապրիլ-մայիսյան 95+ տոկոսից և Երևանի ավագանու 80+ տոկոսից հետո իջել է 70-ի։

Վստահ էի ու վստահ եմ, որ էդ անկման դինամիկան շարունակվելու է, իսկ ներքաղաքական ու արտաքին քաղաքական անցանկանալի զարգացումների դեպքում արագանալու է, ինչում, ի դեպ, չի կարող շահագրգռված լինել պետության համար սրտացավ ոչ ոք։ Ասել է թե՝ ինչքան վատ, էնքան լավ մոտեցումը Նիկոլի ռեյթինգի ու սեփական հնարավորությունների մասով հակապետական է։

Մյուս իրողությունն այն է, որ խորհրդարան չի անցել անգամ նոմինալ ազգային-պահպանողական սպեկտորին պատկանող ոչ մի ուժ, իսկ որ այդպիսի սպեկտրի պահանջարկ կա վկայում է արդեն իսկ ՀՀԿ+ՀՅԴ 9 տոկոսը, որը աճի տենդենց ունի։

Առաջացած վակուումը երկար չի դատարկ մնալու, ողջ հարց նրանում է, թե ովքեր են այն լրացնելու և որքան են հաջողելու Իմ Քայլի, իսկ իրականում՝ Նիկոլի աստիճանաբար նվազող ռեյթինգի արտահոսքը դեպի իրենց ուղղեն։ Գուշակություններ անել չեմ ուզում, որովհետև դա խիստ անշնորհակալ գործ է։ Կարող է լինել այնպես, որ այդ դրոշակը վերցնեն ու տանեն նույն ՀՅԴ-ն ու ինքնամաքրման ու վերաիմաստավորման փուլը ավարտած ՀՀԿ-ն, դա կարող են լինել լրիվ նոր ուժեր, կարող է լինել նաև այնպես, որ բոլոր նշվածների լայն դաշինքի ականատես լինենք, բայց որ Հայաստանի ներքաղաքական դաշտը առանց ընդդիմության չի մնալու ու այդ նոր ընդդիմությունը հենց ազգային-պահպանողական սպեկտրից է լինելու՝ կասկած չունեմ։

Ինչ վերաբերում է նոր պառլամենտական ուժերին, ապա չեմ զարմանա, որ արդեն շուտով քիչ թե շատ արժանահավատ բեմականացու լինի, որի արդյունքում Իմ Քայլի 88 հոգանոց ֆրակցիան կտրոհվի ու կսկսեն արմատական ընդդիմության բացակայությունը սուբլիմացնել плохой-хороший полицейский խաղարկելով։ ՀՀԿ-ի չանցնելը որոշակի դիսկոմֆորտ է ստեղծում դեմոնիզացիայի ու քավության նոխազի հարցում, բայց կարծում եմ, որ դրան էլ լուծում կգտնեն ու ՀՀԿ-ի փոխարեն աստիճանաբար կսկսեն թիրախավորել ԲՀԿ-ին։

Այնպես որ, սխալվում են նրանք, ովքեր համարում են, որ ամեն ինչ ավարտվեց։ Ամեն ինչ ճիշտ հակառակն է ու իրական խաղը նոր է սկսվում։