Նոյեմբերին 6-ին ԱՄՆ օրենսդիր մարմնի ընտրություններն են։ Ըստ ԱՄՆ Սահմանադրության, Սենատի 100 անդամներից 33-ի համար ընտրությունները հերթական են, գումարած երկու հատուկ։

116-րդ գումարման Կոնգրեսի՝ Ներկայացուցիչների Պալատի համար ընտրություններ կանցկացվեն բոլոր 435 կոնգրեսական ընտրատեղամասերում։ Իմ կանխատեսումներով, Սենատում հանրապետականները լուրջ շանսեր ունեն, ներկայացուցիչների պալատում' դեմոկրատները:

Հայաստանի հետաքրքրութունների առումով ունենք հետևյալ պատկերը։

Ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ հայտարարություն է արել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի նախագահ Դավիդ Տրոտտը։ Նա հայտարարել է, որ ընդհանրապես լքում է քաղաքական դաշտը։ Հանրապետական կոնգրեսականը Միչիգանից էր։

Ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ հայտարարել է հանրապետական Կոնգրեսական, հայկական հանձնախմբի անդամ Չարլի Դենթը, ով ներկայացնում էր Փենսիլվանիան։

Ընտրություններին չի մասնակցի Ֆլորիդան ներկայացնող Իլենա Ռոս-Լեհտինեն, ով նույնպես հայկական հանձնախմբի հանրապետական անդամ էր։

Մասսաչուսեթս նահանգը ներկայացնող դեմոկրատ Նիկի Թսոնգասը նունպես չի մասնակցելու ընտրություններին։ Նա նույնպես հայկական հանձնախմբի անդամ է։

2018թ․ նոյեմբերին կայանալիք ընտրություններին չի մասնակցելու ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Քալիֆորնիա նահանգը ներկայացնող Էդ Ռոյսը։ Ռոյսը համարվում է ամենահայամետ կոնգրեսականներից մեկը և դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելի, ինչպես նաև 80 գործընկերների հետ միասին առաջարկներ էր ներկայացրել Պետքարտուղարությանը, որոնք ուղղված են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության ու ագրեսիայի թուլացմանը։ Առաջարկների փաթեթը հայտնի էր «Ռոյս-Էնգել նախաձեռնություն» անվամբ։
Միաժամանակ, Նեվադա նահանգից կոնգրեսականի համար իր ուժերն է փորձելու Դեննի Թարքանյանը, ով նախագահ Թրամփի աջակիցներից է։ Ըստ տեղի հայ համայնքի և որոշ հարցումների, նա բավականին լավ շանսեր ունի։

Իր քաղաքական կարիերան այլևս չի շարունակելու Փենսիլվանիա նահանգը ներկայացնող հանրապետական Կոնգրեսական Բիլ Շուստերը, ով ԱՄՆ-Ադրբեջան բարեկամական խմբի համանախագահն է։

Ներկայումս ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախումբը բաղկացած է 105 անդամներից, որոնցից միայն 10-15-ն են ակտիվ զբաղվում հայկական օրակարգային հարցերով։

Հ.Գ. Այս տեղեկանքը պատրաստել էի հունվարին, տրամադրել պետական մի քանի մարմնի: Տեսա հետաքրքրություն չկա, չթարմացրեցի տվյալներս: