Առողջապահության տխրահռչակ նախարար Արսեն Թորոսյանի ընտանիքի ձեռքը կրակն ենք ընկել։ Հիմա էլ նրա հայրը՝ Գևորգ Թորոսյանն է վիրավորել Ամուլսարի բնապահապաններին ու հանքի շահագործման դեմ հանդես եկող մասնագետներին։

Սեպտեմբերի 14-ին բնապահպանների, փորձագետների և տարբեր հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ լսումներ էին կազմակերպվել ԵՊՀ-ում։ Հենց այդ միջոցառման ժամանակ էլ Գևորգ Թորոսյանը վիրավորել է հավաքվածներին։ Եթե չգիտեք, ասեմ, որ Գևորգ Թորոսյանը ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ է:

Քննարկումների ժամանակ Գևորգ Թորոսյանը հայտարարում էր, որ փորձագետները անհիմն տվյալներ են հաղորդում, և իրականում նրանք ոչ մի հստակ տեղեկատվություն չունեն ոչ Ամուլսարի շրջանում սողանքների, ոչ ջրային պաշարների վրա հանքավայրի ազդեցության վերաբերյալ։ Այնուհետև նա անցել է անձնական վիրավորանքների՝ մի քանի հայտնի փորձագետների, այդ թվում՝ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանին, անվանելով ժամկետանց մասնագետներ։ Այս կապակցությամբ նա նաև չի զլացել նկատել, թե պատահական չէ, որ կառավարությունը Ամուլսարի հանքավայրի ռիսկերի գնահատման համար արտասահմանյան փորձագետներ է հրավիրում։

Սակայն Գևորգ Թորոսյանը սրանով չի բավարարվել և իր ֆեյսբուքյան էջում այս թեմայով «կիսվել» է FaceTube կոչվող ինչ-որ խմբի հետ, որի անդամները քննարկման մասնակիցներին անվանել են «չկայացած մասնագետների խումբ», «ինքնակոչ փորձագետներ», կիսագրագետներ, որոնց «վարչապետն արդեն նետել է աղբամանը»։

Ստացվում է, որ սույն պարոնը, ում որդին մեր ոչ բարով առողջապահության նախարարն է, փորձում է մարդկանց համոզել, որ Ամուլսարի հանքի շահագործումը ոչ մի վտանգ չի սպառնում։ Այսինքն քաղցկեղի բուն հանքերը քիչ են, հիմա էլ առողջապահության նախարարի հայր է դարձել դրանց շատացման ջատագովներից մեկը։ Աբսուրդ է։

Հասել ենք, իջեք։ Սա թերևս այն դեպքերից է, որ ընտանյոք հանդերձ պատուհաս են դարձել մեր գլխին։ Ո՞նց դիմենք, ո՞ւմ դիմենք, որ պարոն Փաշինյանն ազատի մեզ այս ոչ ադեկվատ ընտանիքից։

Կլարա Աբգարյան