Ասում են շուտով Երևանի 2800-ամյակն է…Չեմ հավատում…Սուտ է…Քայլում եմ Երևանով ու չեմ տեսնում, չեմ զգում, չեմ նկատում, չեմ համոզվում…
Նաև ասում են, որ Էրեբունի ամրոց կա, ասում են Արգիշտին է կառուցել: Որտե՞ղ է դա...
Մի հին, անտեր, գրեթե անզբոսաշրջիկ, անտեսված, աղբոտ, գրառումներով աղտոտված, քայքայված, անշուք, չլուսավորված, մոռացված ամրոց կա բլրի վրա, կարո՞ղ է դա է…Գուցե…
Շրջում եմ Երևանով փորձում հին հուշարձան, կառույց գտնել չկան…Չկան հեթանոսական, քրիստոնեական՝ 2800-ամյակը հիշեցնող ոչ մի բան: Ի տարբերություն Թբիլիսիի, որտեղ պահպանվել են ամրոցները, Հին Թիֆլիսը, Հին Թիֆլիսի շունչն ու կոլորիտը…Նույնիսկ հայերի կառուցածը, կառուցման մասին նշումները, հիշեցումները…
Ինչու՞…Նրանք էլ էին չէ՞ խորհրդային երկրում ապրել…Պատճառը ո՞րն է, որ մեզ մոտ ավերվել ու ոչնչացվել է…Դե հա, հայերը պետք է ոչնչացնեին, փշրեին, շարունակեին թուրքերի, մոնղոլ-թաթարների կիսատ թողածը՝ կոմունիստ ղեկավարների աչքը մտնեին, պետք է իրար ուտեին ու բողոքելով, գործ տալով, իրար վրա գրելով աքսորեին սիբիրներ՝ ամենաշատն այդ փոքր երկրի համար, առաջինը, ամենակոմունիստականը…
Իրար ոչնչացնելու մոլուցքով, նախանձով, իրար ատելու, լավը, գեղեցիկը չտեսնելու, չպահպանելու, ոչնչացնելու և չգնահատելու մոլագարությամբ…
Ու դեռ շարունակում ենք…Շարունակում ենք ոգևորված իրար ատել ու ոչնչացնել…