Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, անցած տարի, երբ արդեն նաև փոխնախագահի պաշտոնում էր նշանակվել, ռուս գրող Ալեքսանդր Պորխանովի հետ հանդիպման ժամանակ մի հայտարարություն արեց․
«Ես երբեք թույլ չեմ տա, որ Ադրբեջանի ժողովրդի մոտ ի դեմս հայերի թշնամու կերպար ձևավորվի։ Եղել են ժամանակներ, երբ այս ժողովուրդները միասին են ապրել, մի սեղանի շուրջ են նստել և գինի խմել։ Հենց այդ ժամանակները պետք է վերադառնան»։
Ալիևան նաև ասել էր, որ որքան ավելի շատ մարդասիրություն լինի ժողովուրդների մեջ, այնքան նրանք ավելի մոտ կլինեն միմյանց հետ։
Այս հայտարարությունը ադրբեջանական հասարակությունն ընդունեց սուսերներով։ Հայհոյանք չմնաց ադրբեջաներենում, որ սոցցանցերի միջոցով չհնչեր երկրի առաջին տիկնոջ հասցեին։ Ընդդիմմադիր գործիչներից դեռ չեմ խոսում։
Ասածս ինչ է․ Մեհրիբանը, ունենալով նման փորձ, կարծում եմ՝ այլևս երբեք «չի սխալվի» ու չի անի նմանատիպ հայտարարություն, ավելին՝ դժվար թե պատասխանի ՀՀ վարչապետի տիկնոջ արտահայտած մտքերին, նույնիսկ եթե դրանք, որպես կին, շոյած լինեն իր ականջը։
Արտյոմ Տոնոյան