Ն․ Փաշինյան- Հ Ռուհանի հեռախոսազրույցի ընթացքում կարևորվել է բոլոր ոլորտներում փոխշահավետ գործընկերության առավել խորացումը, ինչպես նաև ընթացիկ համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը՝ առավելագույնս օգտագործելով առկա ողջ ներուժը։

Այս համատեքստում կարևոր է այն հանգամանքը, որ երկու օրից Իրանը ԵԱՏՄ հետ ստորագրելու է համագործակցության համաձայնագիր, իսկ, ինչպես գիտեք, ԵԱՏՄ-ում Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու և համագործակցությունն իրականացնելու համար առաջնայնությունը տրված է Հայաստանին։ ԻԻՀ նախագահը, անդրադառնալով այս հարցին, Հայաստանն համարել է ԵԱՏՄ-ի համար մուտքի դուռ։ Այսինքն այդքան խոսվող ԻԻՀ-ԵԱՏՄ համագործակցությունը վերջապես մտնում է գործնական փուլ, ինչը Հայաստանի համար շատ կարևոր է՝ հաշվի առնելով նաև վերջերս Մեղրիում կառուցված ազատ առևտրի գոտին իր հնարավորություններով։

Այս ամենից զատ, ուշագրավ է նաև ԻԻՀ-ԵՄ հարաբերությունները։ Ինչպես ցույց են տալիս թվերը՝ Իրանի առևտրատնտեսական հարաբերություներն այս կառուցի հետ վերջին տարում կտրուկ աճ են գրանցել։ Վերջերս ԵՄ համար Իրանի կարևորության խնդրին է անդրադարձել նաև Բուլղարիայի տնտեսական հարցերով նախարարը՝ շեշտելով, որ Իրանը ԵՄ-ի համար համարվում է ռազմավարական գործընկեր։

Այս հայտարարությունների ֆոնին, եթե հաշվի առնենք անցած տարեվերջին ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագարումը և դրա ընձեռած հնարավորությունները, ապա Հայաստանն, այս պարագայում, պարզապես, պարտավոր է օգտագործել իր ողջ ներուժը իրանական կողմին ներկայացնելու և բացատրելու այս համաձայնագրի առավելություններն ու էությունը։