Ռուսական Ռոսնեֆտ»-ի փոխնախագահ, հեռուստալրագրող Միխայիլ Լեոնտևը «Комсомольская правда» ռադիոկայանի եթերում հայտարարել էր, որ ամբողջ պատմության ընթացքում Հայաստանը ծանր բեռ է եղել ՌԴ համար, որն «արյունով, կյանքով, փողերով, գազով, զորքերով փրկել է այդ ժողովրդին», նաև քննադատել էր ընդդիմության քաղաքական ակցիաները երկրում։

 

«Ռոսնեֆտ»-ը մեկնաբանել է Լեոնտևի սկանդալային ելույթը' նշելով. «Միխայիլ Լեոնտևի խոսքերն ընդհանուր ոչինչ չունեն Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ «Ռոսնեֆտ»-ի դիրքորոշման հետ: Ընկերությունը հարգում է հայ ժողովրդի և ՀՀ խորհրդարանի ընտրությունը, ակտիվ աշխատում է տարածաշրջանում և երաշխավորում է պայմանագրային պարտավորությունների իրականացումը»:

 

Դմիտրի Պեսկովը մինչ այդ անհաջող էր անվանել Լեոնտևի ելույթը: «Այդ խոսքերը ընդհանուր ոչինչ չունեն և չեն կարող ունենալ Հայաստանի նկատմամբ Մոսկվայի դիրքորոշման հետ, ընդհանուր ոչինչ չունեն և չեն կարող ունենալ բարեկամության և եղբայրության այն ջերմ զգացմունքների հետ, որոնք պատմականորեն կան Ռուսաստանի մոտ հայ ժողովրդի հանդեպ»,- ասել էր նա:

 

Գուցե կարելի էր պատմությունը համարել սպառված, եթե ինքը' Լեոնտևը, շատ ինքնատիպ հերքում չաներ: Պարզվում է' նրա նվազագույնը ոչ կոռեկտ ու ցինիկ արտահայտությունների պատճառը հայերիս յուրային համարելն է: Փաստորեն Լեոնտևի տիպի ռուսները հարգում են միայն ոչ յուրայիններին կամ չեն հարգում իրենց, որ իրենց իրավունք են վերապահում «յուրայինների» հետ այդ տոնով խոսել և բացահայտ սադրանքը համարել… խորապես հայամետ հայտարարություն:

 

«Դա խորապես հայամետ հայտարարություն էր, դրա իմաստն այն է, որ հայերն ու Հայաստանը մեզ համար օտար չեն, և մենք թույլ ենք տալիս մեզ խոսել նրանց հետ այնպես, ինչպես խոսում ենք յուրայինների հետ, այդ թվում՝ երբեմն կոշտ, երբեմն վիրավորական, սակայն անկեղծ: Դա հաճոյախոսություն էր, վստահության նշան»' չգիտես արդարացել, թե մեղադրել է «անհասկացող հայերին» Լեոնտևը:

 

Լեոնտևը ոչ առաջինն է, ոչ վերջինը: Նրա ցինիզմի հետ մրցել դժվար է, գնահատելն' անհեթեթ: Այդպիսին է ռուսական անհասկանալի հոգին' յուրայիններին խփում է, որ օտարները վախենան: Օտարներին խփում է, որ յուրայինները չարխայնանան: Ի վերջո' խփում է ինքն իրեն, որ անհավասարությունը վերանա:

 

Ընդհանրապես' խնդիրը բնավ էլ լեոնտևները, դուգինները, կուրղինյաններն ու նրանց նմանները չեն, խնդիրը Կրեմլի ու Կրեմլի վերահսկողության տակ գործող քարոզչամեքենայի սխալ ուղղությունն է' երբ աշխարհում կա մի պետություն ՌԴ-ն, իսկ մյուս բոլոր պետությունները ստեղծվել են ՌԴ-ին խանգարելու համար:

 

Արմեն Հովասափյան