Հայաստանի քաղաքական ճգնաժամն այս կամ այն կերպ ազդելու է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հեռանկարների վրա: Ամեն ինչ կախված է գնահատման ելակետերից: Եթե դատենք մեծ աշխարհաքաղաքականության կատեգորիաներով' հանգուցյալ ռուս ականավոր մտածող Վադիմ Ցիմբուրսկու ոգով, այս կոնֆլիկտը վաղուց ինտեգրված է Հարավային աղեղին, որ սկսվում է Դոնբասում և անցնելով Ղրիմով, Հյուսիսային Կովկասով ու Անդրկովկասով, ընդգրկում է Թուրքիան ու Իրաքը' Սիրիա ելքով: Աղեղի բոլոր բաղկացուցիչ մասերն այս կամ այն կերպ սերտորեն շփվում են: Եվ իրադարձությունների զարգացումը դա հաստատում է:

Ճիշտ նույն կերպ է իրեն պահում Բաքուն՝ մի կողմից հայտարարելով տարածքային ամբողջականության պահպանության մասին, մյուս կողմից' Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցով բանակցելով Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որտեղ կա կետ Ստեփանակերտի միջանկյալ կարգավիճակի մասին մինչև համապատասխան հանրաքվե անցկացնելը: Բոլորի համար պարզ է, որ եթե Կիևը ցանկանար իր վերահսկողության տակ պահել Դոնեցկն ու Լուգանսկը, իսկ Բաքուն' Ստեփանակերտը, երկու մայրաքաղաքները վաղուց պիտի իրենց օրենսդրությունը հարմարեցրած ու իրենց քաղաքական գործընթացն այնպես փոխած լինեին, որ Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, ինչպես և Արցախի Հանրապետությունն իրենց տուժած չզգային, որ նրանց շահերը պաշտպանվեին, իսկ սոցիալական ու տնտեսական իրավունքները երաշխավորվեին: Ուկրաինան ու Ադրբեջանն այսօր այդ ուղղությամբ ոչինչ չեն անում, ավելի ճիշտ' չեն ցանկանում: Նրանք կարծում են, որ իրենց կհաջողվի խնդիրները լուծել այլ միջոցներով' ուժի գործոնով ու Դոնբասից ռուսներին դուրս մղելով, իսկ Լեռնային Ղարաբաղից' հայերին: Այդպես այս երկու ճգնաժամերը սկսում են միմյանց վրա ներգործել նաև իրենց կարգավորման տեսակետների առումով: Կիևը չի թաքցնում, որ խաղադրույքը հետխորհրդային տարածքում Մոսկվայի ազդեցության թուլացման վրա է դնում, Բաքուն ռուս-ուկրաինական հարաբերությունների խնդիրները գնահատել ու գնահատում է նույն կերպ' բացահայտորեն սաբոտաժ անելով Վլադիմիր Պուտինի անմիջական մասնակցությամբ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կոնֆլիկտի կողմերի շփման գծում վերահսկողության մեխանիզմների ու միջազգային դիտորդների տեղակայման մասին:

Հաշվի առնելով Երևանի ու Մոսկվայի սերտ կապերը' Հայաստանի ներկա քաղաքական ճգնաժամը Ադրբեջանն ընկալում է նախ և առաջ իբրև Ռուսաստանի ազդեցության կորստի գործոն Հայաստանում ու ամբողջ Անդրկովկասում: Դա՝ առաջին: Երկրորդ' Ադրբեջանի համար բացվում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հեռանկարը Բաքու-Երևան միջպետական հարթությունից տեղափոխել ներհայկական հարթություն: Պատահական չէ Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիևը, մեկնաբանելով իրավիճակը, հայտարարում, որ «Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունները վարել ողջամիտ քաղաքական ուժերի հետ, որ կփոխարինեն Սերժ Սարգսյանի ռազմական-բռնապետական վարչակարգին, միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի հիման վրա և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի հիման վրա»: Այսինքն' Բաքուն կարծես գիտի' հատկապես որ քաղաքական ուժերն են իշխանության գալու Հայաստանում և գայթակղություն ունի դիմել կարգավորման ուժային տարբերակին, որից զգուշացրել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Թեպետ պատերազմը կարող է միավորել հայերին, որ իրենց քաղաքական հաշիվները երկրորդ ու երրորդ պլան կմղեն: REGNUM-ի տեղեկություններով' այդ տարբերակներն ակտիվորեն քննարկել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի բանակցություններում:

Հարավային աղեղի հայեցակարգով դա նշանակում է, որ բարդ ռազմաքաղաքական իրավիճակը Մերձավոր Արևելքում, որտեղ Սիրիայի ու Իրաքի տարածքում ակտիվ պայքար է ԻՊ-ի դեմ' Թուրքիայի ներգրավվածությամբ, կաշկանդում է Անկարայի մանևրայնությունը անդրկովկասյան ուղղությամբ: Ավելին' եթե Երևանում իշխանությունը հայտնվի, այսպես կոչված, արևմտամետ ուժերի ձեռքին, բոլորովին էլ փաստ չէ, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը կիրագործվի ադրբեջանական սցենարով: Իսկ Ալիևը Էրդողանի հետ Սարգսյանից հետո կարող են հայտնվել Հարավային աղեղի «ժողովրդավարական ցանցերում», որտեղ բոլոր կոնֆլիկտները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղինը, մեկ տրցակի մեջ հանգուցված կլինեն: «Հայկական հեղափոխության» նախադեպը կարող է վարակիչ լինել և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի համար: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարում էր. «Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի պրոբլեմի խորացում չպետք է լինի, սրացումներ որևէ դեպքում չպետք է լինեն» և «ելքը խաղաղ բանակցային ճանապարհով պիտի գտնվի»:

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի ներքին իրավիճակի կայունացումից հետո Բաքվի ու Երևանի միջև Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները կվերսկսվեն: Բայց ե՞րբ դա կլինի: Իր խոսքն ասաց և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը' միանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմերին ուղղված կոչին' «թույլ չտալ հնարավոր սրացում շփման գծի երկայնքով և ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ ճանապարհով կարգավորման ջանքերը»: Բայց ինչ էլ լինի և ով էլ լինի հայկական քաղաքական ցնցումների հետևում, Մոսկվան պետք է տարածաշրջանում իրադարձությունների զարգացման վրա ազդեցության նոր ու արդյունավետ լծակներ գտնի: