Ինչ իրավիճակի է հասել մեր ազգը։ Ոմանք շփոթել են սկսել փողասիրությունը ու իշխանասիրությունը հայրենասիրության հետ։ Կարծում եմ նման իրավիճակներում մենք նախկինում բազմաթիվ անգամ արդեն կորցրել ենք պետականություն։ Այս իրավիճակում ոչ 1 եւ ոչ էլ 10 հեղափոխություն բավարար չէ։ Հեղափոխությունը պետք է շարունակվի հայ ժողովրդի ազգային գիտակցության մեջ։ Մենք պետք է դասեր քաղենք պատմությունից ու օբյեկտիվ գնահատենք այսօրվա իրականությունը։ Միայն այդ պարագայում հնարավոր կլինի 15-20 կամ 40 տարում դաստիարակել այնպիսի սերունդ, որը նման կլինի Տիգրան Մեծի կամ Արտաշես արքայի ժամանակաշրջանի հային։

Ընդունենք, որ հիվանդությունը մեր մեջ է։ Հասկանանք դա։ Ուսումնասիրենք հիվանդությունը ու գտնենք այդ ախտի բուժման դեղամիջոցը։ Հակառակ պարագայում ով էլ, որ գա մեծ է ռիսկը որ Լեւոն, Ռոբերտ կամ Սերժ է դառնալու։ Եթե նման կերպ մտածենք, ապա համոզված եմ, որ ծովից ծով Հայաստանի եւ հին հայերի հոգեւոր անտեսանելի գերհզոր ուժը մեզ օժանդակ է դառնալու։

Անվանենք այդ ուժին հայկական աստվածներ, թե Աստծո նախախնամություն դա բացարձակապես տարբերություն չունի, սակայն պետք է գիտակցենք, որ նման անտեսանելի ուժ գոյություն ունի եւ դա մեր մեջ է մեր ազգի հետ ու մեր կողքին։ Այն ամենուր է։ Ու երբ ճիշտ ենք մտածում կարողանում ենք օգտվել այդ էներգետիկայից։ Եթե ճիշտ մտածենք ապա մեր նախկին ազգային ճակատագիրը հետ է վերադառնալու մեզ ու մենք տառապյալ հայի հիմար դերից վերջապես դուրս ենք գալու, որի մեջ ապրում ենք արդեն 1700 տարի։