Նիկոլ Փաշինյան -ին կարծես թե հաջողվում է անել մի բան, որ նրանից առաջ որևէ մեկին չի հաջողվել. կիրառել գրագետ և Հայաստանի համար նոր քաղաքական և փողոցային պայքարի տեխնոլոգիաներ և արթնացնել ու փողոց դուրս բերել երիտասարդությանը: Նա, անշուշտ, դասեր է քաղել նախկին շարժումների փորձից: Փաշինյանին հաջողվել է նաև դառնալ փողոցային բողոքի շարժման միակ առաջնորդ, որը, հնարավոր է, իր պայքարը մինչև վերջ տանի: Սկզբնական փուլում սկսված գործընթացը, ելնելով անցյալի նմանատիպ շարժումներից, թերահավատություն էր ներշնչում, հիմա' անակնկալի է բերել բոլորին և զարմանք առաջացրել: Ամեն պարագայում այս շարժումն արդեն ինչ-որ առումով սասանել է իշխանության հիմքերը և ինչպիսին էլ որ լինի ելքը' իշխող կուսակցության ներսում ցնցումների հավանականությունն այլևս անչափ մեծ է դառնում:
Երեքշաբթին, անկասկած, ծանր է լինելու:


Իշխանությունն, անշուշտ, ուժ է կիրառելու: Դա, կլինի, թերևս, վարչապետի նշանակումից անմիջապես հետո: Հնարավոր է և' անմիջապես առաջ: Ցուցարարները կարող են պարտվել, բայց նաև' դրանով իրենց համար հետագա հաղթանակ ապահովել: Եվ եթե զոհեր լինեն' դա անպայմանորեն ներկա իշխանության վերջի սկիզբն է լինելու: Իշխանությունն, իր կողմից, իր կարծիքով' ուժին այլընտրանք, կարծես թե չի տեսնում: Եվ դա փակուղային իրավիճակ է: Այսօր կամ ամիսներ անց' իշխանական բուրգի ներսից պառակտումն, ամեն դեպքում այլևս խիստ իրատեսական է թվում: Եվ կասկած չկա, որ հնարավոր արյունն անպայմանորեն արագացնելու է այդ գործընթացը:


Օդում արյան հոտ կա: Եվ դա անչափ մտահոգիչ է:
Երեքշաբթին վճռական է ու ամեն դեպքում այն խոստանում է անկյունաքարային օր դառնալ: