Վերջին օրերին ուշագրավ միջադեպեր են գրանցվել Սիրիայի Հալեպ նահագի հյուսիս-արևմուտքում: Մարտի 14-ի վաղ առավոտյան սիրիական կառավարամետ «Ազգային պաշտպանության ուժերը» քրդաբնակ Աֆրինի շրջանի հարևանությամբ գտնվող, հիմնականում շիա բնակչություն ունեցող Նուբլ բնակավայրի մերձակայքում՝ ալ-Հարաշ անցակետում հարձակման են ենթարկվել քրդական «YPG-ի» դեմ ռազմական գործողություն իրականացնող թուրքական օդուժի կողմից, որի հետևանքով զոհվել է 8 սիրիացի զինծառայող և 3 խաղաղ բնակիչ. թուրքական կողմը ցայժմ պաշտոնապես չի պարզաբանել ռազմական գործողությունների թատերաբեմից բավական հեռու հասցրած հարվածի պատճառները:

Ի պատասխան՝ սիրիական կառավարական ուժերը Հալեպի հյուսիսում պատասխան կրակ են բացել թուրքական ԶՈՒ-ի և նրանց հովանավորյալ հակակառավարական խմբավորումների դիրքերի ուղղությամբ' նրանց կողմից վերահսկվող Մարի քաղաքի հատվածում:
Իսկ մարտի 15-ին Հալեպի հյուսիս-արևմուտքում՝ ալ-Զահրա բնակավայրի մերձակայքում կառավարական ուժերը հարձակվել են թուրքամետ որոշ խմբավորումների դիրքերի ուղղությամբ:

Փաստորեն, որքան սեղմվում է օղակն Աֆրինի շուրջ, այնքան թուրքական ԶՈՒ-ի գործողություններն ավելի ագրեսիվ են դառնում, հետևաբար նաև ավելի իրատեսական է դառնում Թուրքիա-Սիրիա ուղղակի բախման հնարավորությունը, որի հետևանքները բավական մտահոգիչ կարող են լինել սիրիական հակամարտության հետագա ընթացքի համար:

 

Արմեն Պետրոսյան