Անդրադառնալով Մյունխենում Սերժ Սարգսյանի ելույթին՝ կարող ենք մի քանի կարևոր շեշտադրում առանձնացնել, որոնք նաև ՀՀ դիվանագիտության յուրահատուկ գնահատական են.

1. Հայաստանը կառուցողական ու թափանցիկ գործընկեր է: Սարգսյանը հատուկ ընդգծեց, որ Հայաստանը երբեք չի փորձել խաղալ արտաքին հակասությունների վրա ու պղտոր ջրում ձուկ որսալ, ու հենց դրա շնորհիվ էլ հաջողել է: Դա հաստատեցին նաև ՌԴ-ն ու ԵՄ-ն: Այսինքն, եթե պարզ լեզվով ասենք, մենք միշտ հստակ շարադրել ենք, որ ուզում ենք և Եվրոպայի հետ համագործակցենք, և ՌԴ-ից երես թեքել չենք կարող: Ուստի, պիտի մենք էլ հարմարվենք, դուք էլ, ու կարծես թե բոլորը հարմարվել են:

 


2. Հայաստանն օրինակելի երկիր է: Եվրոպայի ու ՌԴ-ի միջև երկրների խնդիրները քննարկելիս Հայաստանը դիտարկվեց, որպես օրինակելի երկիր, որն ամենամեծ հաջողությանն է հասել: Փաստացի մենք կարողացանք ցույց տալ, որ և-և-ը հնարավոր է, ու ամենալավն է բոլորի համար: Եվ այսօր դա բարձր գնահատակնի է արժանանում:

 

3. Թուրքիան խաղալու դաշտ չի ունենալու: ՀՀ նախագահը, հավատարիմ մնալով թափանցիկ դիվանագիտության սկզբունքին, հստակ հիմնավորեց, թե ինչու է պատրաստվում հետ կանչել ստորագրությունները հայ-թուրքական արձանագրությունների տակից՝ որ զրկի Թուրքիայի իրեն հարմար պահի դրանք վավերացնելու և դրանց վրա խաղալու հնարավորությունից: Գնացքը գնացել է, և եթե Թուրքիան մի օր որոշի Հայաստանի հետ փաստաթուղթ ստորագրի, ստիպված կլինի նոր իրավիճակում նոր թուղթ բանակցի: Կարճ ասած «մենք նախապայմանների լեզվով չենք խոսել և չենք թողնի, որ մեր հետ նախապայմաններով խոսեն»:

 

4. Եվրոպան պետք է արձագանքի Ալիևի զառանցանքին: Հասկանալի է, որ Հայաստանը չի սկսելու բացատրել Ալիևին, որ Երևանի մասին հեքիաթներին չհավատա, բայց Եվրոպան պետք է պաշտպանի իր սկզբունքները ու արձագանքի Ալիևի ակնհայտ ագրեսիվ պահվածքին:

 

5. Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի որքան հնարավոր է շուտ՝ խաղաղ ճանապարհով: Եվ վերջինը, չնայած Բաքվի բոլոր աննորմալություններին, մենք հավատարիմ ենք մեր մոտեցմանը: Խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:Եվ այս կոնֆլիտի օրինակով ՌԴ-ն, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն կարող են ցույց տալ, որ դեռ ընդունակ են միասին կարևոր հարցեր լուծել:

Ամփոփելով՝ Հայաստանը հավատարիմ է մնում կառուցողական, թափանցիկ ու հետևողական լինելու իր արտաքին քաղաքականության մշակույթին: