Շարունակելով Նախիջևանի դերի և ստրատեգիական կարևորության թեման՝ փաստենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը հաստատ նկատի ունեն, որ կկարողանան Վրաստանին ստիպել մասնակցել իրենց պլաններին ու ծրագրերին, որոնք արտաքուստ ասես ուղղված կլինեն հայերի դեմ, բայց իրականում ուղղված են լինելու Իրանի և Ռուսաստանի շահերի դեմ: Իսկ դա արդեն լիովին զուգադիպում է Թեհրանի ու Մոսկվայի դեմ ԱՄՆ-ի «պատժամիջոցային մարտավարության» նոր ալիքին:

Այստեղից հետևություն. անգամ երկյուղելով, որ քրդական հարցի հետ Արևմուտքի և Իսրայելի սիրախաղերը կարող են վերջին հաշվով հանգեցնել այս կամ այն ձևով Թուրքիայի միասնության խախտմանը, Անկարայի իշխանությունները շարունակում են խոնարհաբար ապահովել արտատարածաշրջանային երկրների շահերը, այդ թվում՝ նաև Անդրկովկասում: Վրաստանը ևս, ցավոք, ոչ մի անգամ չի մերժել Թուրքիայի ու Ադրբեջանի «նախաձեռնությունները»: Այսպես՝ դեռ 2016 թ. մայիսին Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն խոստովանել էր, որ 2017 թ. ամռանը վրացական տարածքում կարող են անցկացվել Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի համատեղ եռակողմ զորավարժություններ (արդարության համար նշենք, որ Կապանաձեն, այնուամենայնիվ, մինչև վերջ հաստատակամ չէր):

Հաշվի առնելով, որ այդ պայմանավորվածությունը Գաբալայի իրենց հանդիպման ժամանակ (2016 թ.) նախաստորագրել են այդ երեք երկրների պաշտպանության նախարարները, մենք հասկանում ենք, որ որոշումը եղել է ռազմավարական և սկզբում ընդունել են ամենաբարձր մակարդակում: Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները, Վրաստանի վարչապետը՝ արտատարածաշրջանային այն երկրների հետ մեկտեղ, որոնց համար մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրադրության վրա Ռուսաստանի և Իրանի աճող ազդեցությունը բացասական ու անընդունելի գործոն է: Իսկ դրանք առաջին հերթին ՆԱՏՕ-ի երկրներն են՝ ԱՄՆ-ի և Իսրայելի գլխավորությամբ: Դրանով է բացատրվում այն հանգամանքը, թե ինչու են, օրինակ, 2014-17 թթ. ընթացքում Իսրայելի զինվորական հոսպիտալներում բուժում «Իսլամական պետության» վիրավոր զինյալներին, և ինչու է Իսրայելը ԼՂՀ-Ադրբեջան հակամարտությունում ադրբեջանցիների ու Թուրքիայի կողմում:

Ուստի երբ 2017-ի մայիսին տեղի ունեցան Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ մարտավարական զորավարժությունները, որոնցում, Ադրբեջանի ՊՆ կայքի հաղորդման համաձայն, ներգրավված էր զրահատեխնիկա, օգտագործվում էին հրետանային կայանքներ ու ականանետներ, մարտական ու փոխադրական ուղղաթիռներ, ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումներ՝ հանդերձված ժամանակակից պաշտպանական համալիրներով, որոնց նպատակն է խմբավորումները պաշտպանել օդից, տեղի ունեցան մարտական հրաձգություններ և այլն, ապա սրա համար արդեն պետք չէր զարմանալ կամ փորձել հասկանալ՝ սա «Հայաստանի՞ դեմ է», թե՞, այնուամենայնիվ՝ «ուղերձ» Իրանին և Ռուսաստանին: Զորավարժություններն անցկացվեցին երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին առկա համաձայնագրերին համապատասխան:

Այստեղ թաքնված է կարևոր ինտրիգ. քանի որ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական գերատեսչությունները դրանք պաշտոնապես չէին հրապարակում: Սակայն Բաքվի որոշ լրատվամիջոցներում երևացել է միևնույն անստորագիր մեկնաբանությունը՝ ամենայն հավանականությամբ շոշափման բնույթի, որում նշվող պլանները որոշակի հետաքրքրություն են առաջացնում: Այդ մեկնաբանության մեջ նշվում էր, թե մայիսյան զորավարժությունները «հերթական ուղերձն են Հայաստանին ու նրա հովանավորներին», առաջին հերթին, իհարկե, Ռուսաստանին: Բայց քանի որ օգտագործվում է հոգնակի թվով գոյական, ապա հասկանալի է, որ խոսքը միայն Մոսկվայի մասին չէ: Երկրորդ՝ ասվում է, որ «Ղարաբաղում անցած տարվա Քառօրյա պատերազմից առաջ և հետո Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորավարժություններ անցկացրին Կոնյայում», և բացահայտորեն հատուկ ընդգծվում է, որ «այդ շրջանում Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում լարվածություն կար Cy-24-ի միջադեպի պատճառով», ընդ որում՝ «մի շարք քաղաքական ու փորձագիտական շրջանակներում նշում էին Թուրքիայի առանձնահատուկ դերը ադրբեջանական բանակի ապրիլյան հաջողություններում»: Երրորդ՝ սահմանվում է. «Քանի որ ադրբեջանա-թուրքական երկկողմ ռազմական կապերը Երևանի ու Մոսկվայի կապերի մակարդակին չեն, անհրաժեշտ է պայմանագիր ստորագրել Անկարայի և Բաքվի բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության մասին, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում, օրինակ՝ Նախիջևանում, ստեղծել գոնե մեկ թուրքական ռազմական բազա»: