2017 թ-ի սեպտեմբերի 25-ին ՀՀ նախագահին և վարչապետին ուղղված մեր բաց նամակից հետո անցել է ավելի քան 4 ամիս, սակայն զարմանալիորեն Շիրակի պետհամալսարանի հոգաբարձուների խորհուրդն այս ամիսների ընթացքում որևէ նախաձեռնություն չցուցաբերեց իրավիճակին տեղում ծանոթանալու և արձագանքելու ուղղությամբ: Խնդրին այն է, որ հոգաբարձուների խորհրդի նման պասիվ դիրքորոշումը կամա-ակամա ստիպում է մտածել, որ Սահակ Մինասյանի կամայականություններն ուղղակիորեն խրախուսվում էին և շարունակում են խրախուսվել հոգաբարձուների խորհրդի կողմից:
Այսպես, ըստ ՇՊՀ կանոնադրության կետ 41-ի հետևյալ ենթակետերի, հոգաբարձուների խորհրդի իրավասություններն են' 10. ՇՊՀ-ի գործունեության, այդ թվում՝ ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողությունը, ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձի ընտրությունը, 18.քսան միլիոն դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի սահմանաչափը գերազանցող պայմանագրերի հաստատումը: Ժամանակին բարձրաձայնեցինք, որ ՇՊՀ 2016 թ-ի երկրորդ կեսի ֆինանսական հաշվետվությունների աուդիտն անցկացվում է մրցույթի պայմանների կոպիտ խախտումով,իսկ այն անցկացնողները ռեկտորի վաղեմի գործընկերներն է, հետևաբար ստացվում է, որ համաձայն կանոնադրության 10. ենթակետի' կամ հոգաբարձուների խորհուրդը տեղյակ չէ իր գործառույթներից և ռեկտորն ինքնակամ է ընտրում աուդիտորին, կամ էլ, ինչն առավել հավանական է, հենց հոգաբարձուների խորհուրդն է հովանավորում կրթական գործի Կոլումբոս Մինասյանին գործելու օրենքներից ու ընթացակարգերից վեր անձնական ցանկություններով և «օրինականորեն» կեղծելու աուդիտի արդյունքները... Սահակ Մինասյանի շինարարական գործունեությունը համալսարանի բյուջեին նստեց վիթխարի գումարներ, ինչի պատճառով ռեկտորը չի վճարում նախորդ կիսամյակի դասախոսական ժամավճարները և գիտական արդյունավետության համար տրվող հավելավճարները, վերացրեց ուսանողական զեղչերի տարիներ շարունակ գոյություն ունեցող արդյունավետ համակարգը:
Փաստորեն, դատելով կանոնադրության 41.18. կետից' կարող ենք եզրակացնել, որ Մինասյանի ֆինանսական չարաշահումների անմիջական հովանավորը հոգաբարձուների խորհուրդն է, որը 15-րոպեանոց նիստերով հաստատում էր ռեկտորի ցանկությունները:
Հնարավոր է արդյո՞ք մտածել, որ 20 միլիոնանոց պայմանագրերից հոգաբաձուների խորհուրդը տեղյակ չէ, հազիվ թե, քանի որ հակառակ դեպքում հոգաբարձուների խորհուրդը վաղուց արձագանքած կլիներ Մինասյանի խայտառակ գործունեությանը և հանրությանը կփորձեր համոզել, որ Մինասյանը չարաշահել է իր լիազորությունները: Փաստն այն է, որ հոգաբարձուների խորհուրդը ձկան պես լուռ է, հետևաբար վերջինս լռությամբ փորձում է հնարավորիս ստվերում մնալ և կուլիսներում պաշտպանել Մինասյանի շահերը, այսինքն' պաշտպանելով ռեկտորին, պաշտպանում է ինքն իրեն:
Բազմաթիվ են տեղեկություններն այն մասին,որ գրեթե շաբաթը մի քանի անգամյա երևանյան «վոյաժների» ժամանակ հանցագործ ռեկտորը հանդիպում է հոգաբարձուների խորհրդի երկու անդամներին,իսկ բուհի աշխատակիցների ներկայությամբ բացահայտ խոսում է նրանց հետ հեռախոսով՝ցույց տալով բոլորին,որ Բաղրամյան 26-ի հետ սերտ կապեր ունեցող այդ երկուսը նրա հովանավորներն են, ավելի ճիշտ՝ հանցագործության մեղսակիցները...
Սահակ Մինասյանին ջանադրաբար պաշտպանողների այսպիսի պահվածքը ապացուցում է,որ բուհի 1 միլիոն դոլլարից ավելի գումարների փոշիացման մեջ ներգրավված են նաև այդ մարդիկ...Այլ կերպ չի կարելի բացատրել այդ անձանց լռելու փաստը և իբրև թե ծածուկ Մինասյանին պաշտպանելու հանգամանքը,որը վերջին շրջանում ավելի ցայտուն է և բացահայտ...ԱԺ-ում ինչ-որ գյուղացու կարիքների մասին վարչապետին պատին դեմ տվող պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը,ով ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է, մինչև հիմա մի տառ չի արտահայտել ՇՊՀ-ում տիրող խայտառակ իրավիճակի և շարունակվող ապօրինությունների վերաբերյալ...Հետաքրքիր է,ի՞նչն է կաշկանդում արդար մարդու համբավ ունեցող Ցոլակյանին հանդիպելու մեզ հետ և լսելու իր նախկին ենթակայի հանցագործությունների մասին ապացույցները...
Գագիկ Համբարյան