Բրիտանական Էքսեթերի համալսարանի գիտնականները պարզել են, որ պլաստիկե շշերում և սնունդի համար նախատեսված տարաներում առկա է բիսֆենոլ A քիմիական միացությունը, որը կարող է մի շարք օնկոլոգիական հիվանդությունների պատճառ դառնալ:

Գիտնականները գիտափորձի ընթացքում վերլուծության են ենթարկել 94 դեռահասների մեզը, արդյունքում դրանց 86 տոկոսի մոտ բիսֆենոլ են հայտնաբերել: Նշվում է, որ նույնիսկ պլաստիկե շշերում կամ տարաներում չգտնվող սննդամթերքի մեջ հայտնաբերվել են բաղադրիչներ, որոնք ենթարկված են եղել բիսֆենոլի ազդեցությանը արտադրության ընթացքում: Ընդ որում՝ ամենավտանգավորը գիտնականները համարում են խմելու ջրի շշերը, որոնք երկար ժամանակ են օգտագործվում:

Այնուամենայնիվ, British Plastics Federation կազմակերպությունը քննադատել է բրիտանական հետազոտողների գիտական աշխատանքը՝ նշելով, որ Բիսֆենոլ A-ի վտանգավորության աստիճանը պլաստմասսայում չափազանցված է: