Ադրբեջանի ներքաղաքական «շախմատային տախտակին» Իլհամ Ալիևն անսպասելի «շախ» արեց ինչպես երկրի ներսում գործող «հոգևարքի» մեջ գտնվող ընդդիմադիրներին, այնպես էլ դրանից դուրս հնարավոր հակառակորդներին, ովքեր ինչ-ինչ քաղաքական հաշվարկներ ունեին ընթացիկ տարվա հոկտեմբերին Ադրբեջանում նախանշված նախագահական ընտրությունների հետ կապված: Ինչ խոսք, Ադրբեջանում առկա ավտորիտար համակարգի բնույթով պայմանավորված, երկրում իշխող կլանի և կուսակցության հաղթանակը որևէ լուրջ կասկած չէր հարուցում, մինչդեռ նման քայլի խորքում Ալիևի հաշվարկներն առավելապես կարելի է հիմնավորել գուցեև հետևյալ բանաձևմամբ՝ «նվազագույն ջանքերով և ժամանակի հնարավորինս խնայողությամբ առավելագույն արդյունքի հասնելու ձգտումը»:


Շատ կարճ ժամանակը՝ ընդամենը 2 ամիս, անշուշտ, ցույց կտա Ադրբեջանում իշխող վարչակարգի ներքին և արտաքին ընդդիմադիրների քաղաքական ճկունության աստիճանը և դրանով պայմանավորված՝ Ալիևի հաշվարկների արդյունավետությունը: Մինչդեռ, անհերքելի է թերևս այն հանգամանքը, որ արդեն ապրիլից հետո գործ ենք ունենալու Ադրբեջանի նոր, բայց հին իշխանությունների առավել ինքնավստահ և անկանխատեսելի ներքին, հատկապես արտաքին քաղաքականության հետ:

 

Արմեն Պետրոսյան