Քրդական գործոնով պայմանավորված՝ ուշագրավ զարգացումներ են կանխատեսվում Սիրիայի հյուսիսում: Օրերս արաբական մի շարք լրատվամիջոցներ հաղորդել են, որ «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ գործող ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիան Սիրիայի հյուսիս-արևելքում ալ-Հասաքա նահանգում, ձևավորում է 30 հազ. թվաքանակով նոր ընդդիմադիր ռազմական կազմավորում, որի առանցքը կազմելու են «Սիրիական դեմոկրատական ուժեր» կառույցի քրդական զորաջոկատները. հատկապես այս միավորներն են աչքի ընկել առավել մարտունակությամբ ջիհադականների դեմ պայքարում: Նոր զորամիավորման առանձին ստորաբաժանումներ արդեն իսկ անցնում են մարտական պատրաստություն քրդերի կողմից վերահսկվող շրջաններում:
Վերոնշյալ իրողությունը նշանակում է, որ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը հերթական անգամ գնում է դեպի փակուղի, քանի որ դրանում ներգրավված արտաքին դերակատարների միջև շարունակվում են մնալ լուրջ տարաձայնություններ. ԱՄՆ-ը, դուրս մնալով ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի կողմից նախաձեռնված Աստանայի գործընթացից, ոչ միայն չի ընդունում նշված ձևաչափի շրջանակներում համաձայնեցված գործողությունները, այլև նոր «խաղ» է նախաձեռնում:

ԱՄՆ-ի կողմից քրդերի վրա դրված նոր խաղադրույքը զայրացրել է ինչպես սիրիական վարչակարգին, որի ներկայացուցիչները հնարավոր ամենաբարձր մակարդակով մեղադրել են Վաշինգթոնին՝ երկրի մասնատմանը նպաստող գործողություններում, այլև՝ առավելապես Թուրքիային, որի իշխանությունները քրդական վերոնշյալ զորաջոկատները համարում են Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քրդստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ) սիրիական ճյուղավորում. Թուրքիայի իշխանությունները հնարավոր ամենաբարձր մակարդակով բազմիցս մեղադրել են ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին ահաբեկիչներին աջակցելու մեջ: Ավելին, նոր զորամիավորման կազմավորման հետ կապված՝ ԱԳՆ է կանչվել Թուրքիայում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարը, ում բողոքի նոտա է հղվել:

Բացի դիվանագիտական և հռետորաբանական հարթություններից, Թուրքիան ԱՄՆ-ին պատասխանում է նաև ռազմական մանևրներով՝ Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական մեկ այլ կանտոնի՝ Աֆրինի դեմ ռազմական գործողության նախապատրաստմամբ: Թուրքական մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Անկարան ավարտել է Աֆրինում քրդական ինքնապաշտպանական ջոկատների դեմ մասշտաբային ռազմագործողության նախապատրաստումը, որի առաջին փուլը ներառելու է քրդական դիրքերին ուղղված զանգվածային ավիահարվածներ և հրետանային հարվածներ. այդ ուղղությամբ թուրքական հետախուզությունն արդեն իսկ առանձնացրել է թվով 149 թիրախ: Ռազմագործողության երկրորդ փուլում նախատեսվում է երեք կողմերից թուրքական հատուկջոկատայինների մուտքը քրդական տարածաշրջան: Եթե վերոնշալ եղանակներով հնարավոր չլինի կոտրել քրդերի դիմադրությունը, ապա Թուրքիան կարող է նաև զրահատեխնիկա կիրառել. թուրքական ԶՈՒ-երի տանկերի և զրահամեքենաների նորանոր ավտոշարասյուններ են մոտենում թուրք-սիրիական սահմանին: Մինչդեռ իրավիճակն ավելի է բարդանում այն տեղեկատվությամբ, համաձայն որի, ըստ արաբական որոշ աղբյուրների, ամերիկյան կողմը Աֆրինի քրդական զորաջոկատներին է տրամադրել սեփական արտադրության շարժական զենիթահրթիռային համակարգեր: Եթե այդ տեղեկությունները հաստատվեն, ապա Թուրքիան լուրջ բարդությունների կբախվի Աֆրինի դեմ ռազմագործողության արդեն առաջին փուլում:

Չնայած իրավիճակի լրջությանը, որը պայմանավորված է նաև քաղաքական հարթություում երկու երկրների բարձրագույն իշխանությունների կողմից խնդրի կարգավորման գործընթացում զրոյական առաջընթացի առկայությանը, այսուհանդերձ, հարկ է նշել, որ ակտիվ ռազմական մաևրներին, երբեմն նաև փոխհրաձգությանը զուգահեռ, չի բացառվում նաև ամերիկաթուրքական ուղղակի կամ միջնորդավորված կուլիսային բանակցությունների ձևաչափի առկայությունը, որի նպատակը Սիրիայի հյուսիսում Անկարայի նոր արկածախնդրության բացառումն է: Հետևաբար, եթե այս հնարավորությունը ևս չհաջողի, ապա արդեն կանխատեսելի ապագայում ականատես կլինենք Սիրիայի հյուսիսում՝ քրդաբնակ հատվածներում, ռազմական նոր թեժացումների, որոնց համտեքստում չի կարելի բացառել ինչպես ամերիկաթուրքական ուղղակի բախման հավանականությունը, այնպես էլ թուրք-սիրիական համագորրծակցության հնարավորությունը: