Թուրք-ամերիկյան անուղղակի դիմակայության հնարավորություն է ուրվագծվում Սիրիայի հյուսիսում՝ քրդական գործոնով պայմանավորված: Ընդ որում, իրավիճակը մեղմելուն միտված դիվանագիտական փորձերը երկու երկրների կողմից հնարավոր ամենաբարձր՝ անգամ նախագահների մակարդակով, հայտնվել են փակուղում:


Ներկայում գործընթացները ծավալվում են ռազմական մանևրների և ուժի սպառնալիքի կիրառման հարթություններում, զուգահեռաբար չի կարելի բացառել նաև կուլիսային սակարկությունների առկայությունը:


Ստեղծված իրավիճակը բավական ուշագրավ, անգամ վտանգավոր է նրանով, որ թեպետ աննշան հավանականությամբ, բայց, պայմանավորված զարգացումներով, չի բացառվում նաև թուրք-ամերիկյան ուղղակի բախման հնարավորությունը Սիրիայի հյուսիսում՝ քրդաբնակ շրջաններում, որտեղ ամերիկյան կողմն ունի որոշակի ռազմական ներկայություն, իսկ Թուրքիան նախապատրաստվում է դրանց դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման: