Ըստ նախօրոք տարածված տեղեկատվության՝ դեկտեմբերի 25-ին պետք է տեղի ունենար Իրանի և Ադրբեջանի Ասթարա քաղաքները միմյանց կապող երկաթուղու բացման արարողությունը, սակայն նշվել է, որ այն հետաձգվել է, ըստ ամենայնի, մինչև 2018 թ. հունվարի վերջը։

Փոխարենը իրանական մամուլում լայնորեն քննարկվում է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի՝ ադրբեջանական «Ազերթաջ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցը, որտեղ Ա․ Լիբերմանը նշել է, որ Ադրբեջանն Իսրայելի ռազմավարական դաշնակիցն է։

Հետաքրքիր զուգատիպությամբ հետաձգվում է նաև Իրան-Ադրբեջան տնտեսական, առևտրի և հումանիտար համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը, որը նույնպես նախատեսված էր դեկտեմբերի 25-ին։

Եթե այս ամենին գումարենք վերջին շրջանում իրանական մամուլում հայկական թեմատիկայի ակտիվացումը, մասնավորպես Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցի հրապարակումը հեղինակավոր և ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի քաղաքական թիմի տեսակետները արտահայտող «Շարղ» օրաթերթում և այդ կապակցությամբ Բաքվի իշխանությունների բարձրացրած վայնասունը, ապա Իրան-Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բավականին հետաքրքիր կոնտրաստ կստացվի:

#Մերհարևանները