Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած Նախիջևանի օրենսդիր մարմնի ղեկավար Վասիֆ Թալիբովի և Իրանի մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանիի հանդիպումը պատճառ դարձավ, որ ադրբեջանական մամուլը, որը գրեթե ամբողջությամբ վերահսկվում է Ալիևների կողմից, լույս տեսնի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի արտաքին քաղաքականությունը քննադատող հոդվածներով։
Միայն այն, որ այս հոդվածները հրապարակվել են, ապացույց է, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները բավականին լարված են։ Բաքվում լավ են հասկացել, որ Թեհրանի ներկայիս ղեկավարությունը մտադրություններ չունի հավատալու Ադրբեջանի բռնապետին, որը Թեհրանի հետ փորձում է խաղալ մի խաղ, որին Իրանում շատ լավ ծանոթ են. խոսքի և գործի անհամապատասխանություն խաղն է։ Բաքվում էյֆորիա է առաջացրել Լարիջանիի և Թալիբովի հանդիպումը։ Ալիևյան ԶԼՄ-ները փորձում են սեփական հասարակությանը համոզել, որ հայամետ Ռոհանիի դեմ է գործում նաև երկրի հոգևոր առաջնորդը՝ այաթոլա Ալի Հոմեյնին, ով իբրև թե հովանավորում է Ռոհանի-Զարիֆ տանդեմի դեմ գործող, այսպես կոչված, Լարիջանիի կլանը։ Բաքուն մեծ հույս ունի, որ այդ կլանը իշխանության կգա և ամբողջությամբ կնվիրվի Ադրբեջանին։
Զարամանալի էակներ են մեր արևելյան 99-ամյա հարևանները։ Բացարձակ չեն փորձում իրենց մեջ փնտրել Իրան-Ադրբեջան հարաբերություններում գոյություն ունեցող ճգնաժամային երևույթների պատճառները և փորձում են իրենց դիլետանտությամբ դաս տալ մի երկրի, որը համարվում է աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը, մի երկրի, որը դիվանագիտության դարբնոցներից մեկն է աշխարհում և այդ ամենի շնորհիվ, ի տարբերություն շատ ժողովուրդների և երկրների, կարողացել է հասնել մինչև 21-րդ դար, պահպանել ու պաշտպանել իր անկախությունը։ Ապշերոնյան պրիմիտիվ բռնապետը մտածում է, թե Թեհրանում ծանոթ չեն Բաքվի շատ դեպքերում քողարկված, իսկ շատ դեպքերում էլ բացահայտ հակաիրանական քաղաքականությանը։ Միայն Իսրայել-Ադրբեջան ռազմաքաղաքական սերտ հարաբերությունները բավարար են, որ Թեհրանը երես թեքի շիայական Ադրբեջանից։ Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ Ադրբեջանի տարածքում տեղակայված է իսրայելական 2-3 ռազմաբազա, որոնք գտնվում են ադրբեջանա-իրանական սահմանին շատ մոտ։
Թեհրանում համոզված են, որ հենց Բաքուն է հովանավորում Իրանի հյուսիս-արևմուտքում գործող ադրբեջանական անջատողականներին, որոնք փորձում են սրել իրավիճակը Իրանի այդ տարածաշրջանում։ Ադրբեջանը բացահատ չի հավակնում, այսպես կոչված, Հարավային Ադրբեջանի նկատմամբ, բայց դեմ էլ չէ, որ այդ տարածքները միանան ներկայիս շինծու Ադրբեջանին։ Ալիևյան ԶԼՄ-ները մեծ հաճույքով տարածում են «Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնք» շարժման առաջնորդ Մահմուդալի Չոհրաղանլըի հակաիրանական կոչերը և հայտարարությունները։ Իրանում նաև տեղյակ են Ալիևի աթեիստ աշխատակազմի հակաշիայական քաղաքականության մասին։ Լինելով աշխարհում երկրորդ շիայական պետությունը՝ Ադրբեջանը վարում է բացահայտ հակաշիայական քաղաքականություն։ Նարդարանի բնակիչների նկատմամբ ճնշումները, ինչպես նաև «Ադրբեջանի Իսալամական կուսակցության» նկատմամբ հալածանքները և մեղադրանքներն Իրանի հետ համագործակցելու մեջ, բավական ծանր են ընդունվում Թեհրանում։ Բաքվի և Թեհրանի շահերը չեն համընկնում Կասպից ծովի բաժանման հարցում։ Ադրբեջանի և Իրանի միջև կան նաև տնտեսական հակասություններ։
Այսքանից հետո Բաքվում դեռ հույս ունեն, որ Թեհրանում իշխանության մեջ գտնվող ինչ-որ մեկը կարող է ադրբեջանամետ լինել։
Հարավկովկասյան հանրապետությունների անկախացումից հետո Բաքուն միշտ դժգոհում է Իրանի նախագահներից՝ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիից, Մոհամադ Խաթամիից, Մահմուդ Ահմադինեջադից, իսկ հիմա էլ՝ Հասան Ռոհանիից, որոնք իբրև թե վարում են հայամետ արտաքին քաղաքականություն։ Իրականում Իրանի բոլոր նախագահները վարում են սեփական երկրի շահերը պաշտապնող արտաքին քաղաքականություն։ Նույնիսկ եթե Իրանի՝ ազգությամբ թուրք որևէ բարձրպաշտոնյա ադրբեջանցի էլ լինի, միևնույն է, նրա համար պաշտոնական Թեհրանի շահը վեր է իր ազգային շահերից։
Քանի դեռ Ադրբեջանը հակաիրանական ուժերի պլացդարմ է, պաշտոնական Թեհրանը, բացի ազերիամետ խոսքերից, գործի չի անցնի։
Գագիկ Համբարյան