Այս մասին շատ կխոսվի, թե այսօր, և առավել ևս վաղը, ուղղակի ամեն անգամ խոսելով և հետհայացք գցելով ՀՀ պետականության անցած ուղուն, ակամայից ի հայտ են գալիս հարցերի և իրադարձությունների մի ամբողջ «դասակ»:


20-րդ դարում Հայաստանը երկու անգամ վերականգնել է անկախ պետականությունը: Այդ իսկ պատճառով' Հայաստանը, ըստ էության, ունի անկախության երկու տոն. սեպտեմբերի 21 և մայիսի 28: Սակայն միանգամայն տարբեր էին ժամանակներն ու հանգամանքները, երբ հռչակվեցին Հայաստանի Առաջին և Երրորդ Հանրապետությունները:


Անկախ այն իրողությունից, թե այսօր ինչ տարողությամբ ու պաթոսով է նշվում Անկախության օրը Հայաստանում կամ Սփյուռքում, անկախ այն իրողությունից, որ հայկական կուսակցությունները, այդ թվում՝ ավանդական, վեր են պարզում անկախության դրոշը, իսկ անկախությունը համարում բացարձակ արժեք, իրականությունն այն է, որ ինչպես Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում, այնպես էլ 1988-90-ական թթ. անկախության նկատմամբ հայ քաղաքական միտքն ունեցել է վերապահումներ, ավելին՝ անկախությունը ընկալվել է մարտահրավեր:


Ինչպես կոմունիստական վերնախավի, շարքային հայաստանցիների, այնպես էլ ավանդական կուսակցությունների, հատկապես Դաշնակցության շրջանում գերիշխող և աջակցություն վայելող էր տեսակետը, որ անկախություն ստանալուց հետո Հայաստանը ստիպված կլինի դիմակայել Թուրքիային և պանթուրքիզմին: Չափազանց շատ էին մտահոգությունները, առաջին հերթին՝ թուրքական վտանգն ու սպառնալիքը, ռուսական հնարավոր հարվածը հայերի անկախության ձգտումներին:


Անցած 26 տարիներին Հայաստանն ունեցել է բազմաթիվ նվաճումներ ու ցավալի կորուստներ: Ամենամեծ նվաճումը ինքնին անկախ պետականության հռչակումն էր: Մեծագույն մյուս նվաճումը արցախյան հաղթանակը, ցավագին կորուստը ապրիլյան պատերազմում ընկած հայորդիներն ու գրեթե ամենօրյա բնույթ կրող սահմանային միջադեպերը:
Երկու տասնամյակների մյուս մեծագույն կորուստը Հայաստանից ավելի քան մեկ միլիոն հայերի հեռանալու իրողությունն է: Տարբեր ծավալներով Հայաստանից արտագաղթը չի դադարել սկսած Խորհրդային Միության գոյության վերջին տարիներից:

 

Երբ հայերը հեռանում են հայրենիքից, դա նշանակում է, որ ինչ-որ բան սխալ է, ինչ-որ բան այնպես չի արվում:


Երկուսուկես տասնամյակը քիչ ժամանակ չէ, որպեսզի անկախությունը Հայաստանի քաղաքացիների համար դառնար բացարձակ արժեք: Ամեն տարի սեպտեմբերի 21-ը նշվում է պետականորեն: Այո, այդ օրը ոչ աշխատանքային է, սակայն համահայկական տոնը դեռևս չի վերածվել համաժողովրդականի: Հայաստանի շարքային քաղաքացիներն այս օրը խնջույքներ չեն կազմակերպում, շատերը միմյանց անգամ չեն շնորհավորում տոնի առիթով:
Անշուշտ, անկախության հաստատման ճանապարհը ենթադրում է նաև զրկանքներ ու անվերադարձ կորուստներ անկախության ձգտող ժողովրդի համար, սակայն այդ զրկանքներն ու կորուստները չպետք լինեին միայն ժողովրդի մեկ հատվածի՝ շարքային քաղաքացիների հաշվին:


Այսօր էլ բնակչության մի հատված դեռ երանի է տալիս խորհրդային ժամանակներին: Այդ ժամանակները հատկապես հիշում է այսօրվա Հայաստանի բնակչության այն հատվածը, որը պաշտոնական տվյալներով դասվում է սոցիալապես անապահով խմբին: Անկախության հանդեպ վերապահումների պատճառը ոչ միայն և ոչ այնքան աղքատությունն է, որքան այն հոռի բարքերը, որոնք եկան անկախության հենց առաջին օրերից և դարձան շարքային հայ քաղաքացու կյանքի ու կենցաղի անքակտելի մասը:


Անկախ պետականությունը չէ պատճառը, որ այօրվա Հայաստանի քաղաքացին լավ կյանքով չի ապրում և դժգոհ է օրվա իշխանությունից: Հակառակը, միայն լիարժեք անկախություն և պետականություն ունենալու պայմաններում է հնարավոր կերտել բարեկեցիկ, սոցիալապես արդար և ազատ Հայաստան:


Հ.գ. 1. Մարդը ազատ է այն պահից, երբ նա զանկանում է լինել ազատ:
Հ.գ. 2. Շնորհավոր բոլորիս Անկախության օրվա կապակցությամբ:

 

Արմեն Հովասափյան