Սեպտեմբերի 25-ին անցկացվելու Քրդստանի անկախության հանրաքվե, որին շունչը պահած հետևում է աշխարհը, իսկ Քրդստանի հարևան պետություններն ամեն կերպ փորձում են ձախողել այն:


Անկախության հանրաքվեին պաշտոնապես միացավ նաև Էրբիլի և Բաղդադի միջև մշտապես վեճի առարկա հանդիսացող Քիրքուք նահանգը: Հենց այս նահանգի շուրջ էին ընթանում բանակցությունները ողջ օգոստոս ամսին, որը սակայն , ինչպես երևում է, Բաղդադի համար օգուտ չբերեց:


Քիրքուքն ուներ երեք ճանապարհ.


1. Մնալ Բաղդադի վերահսկողության տակ,
2. Մնալ Էրբիլի վերասկողության տակ,
3. Համագործակցել Քրդստանի հետ , մտնել Քրդստանի կազմի մեջ և ունենալ հատուկ կարգավիճակ:
Քիրքուքի նահանգային ժողովը ընտրեց երրորդ տարբերակը, կամ գոնե այդպես հայտարարեցին:
Քիրքուքը միաժամանակ կանցկացնի երկու տարբեր հանրաքվե , առաջինը անկախության հանրաքվե և երկրորդը հատուկ կարգավիճակի հանրաքվե: Քիրքուքը Իրաքի և Իրաքյան Քրդստանի միջև միշտ եղել է վիճահարույց տարածք: Իրաքի խորհրդարանին առաջարկվել էր Քիրքուքի մասին ընդունել հատուկ օրենք, որն ավելի շատ հայտնի էր 140-րդ հոդված: Այս օրենքի նախագիծն ուներ երեք հիմնական կետ.


1. Օրենքով կարգաավորվել է թուրքմենների և քրդերի վերադարձը:
2. Ժողովրդագրությունը փոխելու նպատակով այլ վայրերից այստեղ տեղափոխվածների հեռացումը (սա վերաբերվում է արաբներին):


3. Քերքուքին վերադարձնել նախկին շրջանները, որոնք Իրաքի վարչատարածքային բաժանումից հետո անջատվեցին Քիրքուքից՝ փոխելով այդ նահանգի դեմոգրաֆիկ տեսքը: Այդ տարածքներն են . Չեմչեմալ, Քըլեր, Քեֆրի, Թուզհուրմատու և այլն:
Քիրքուքին կցվել է մի շրջան, որտեղ բնակվում են բացառապես արաբներ, դա Աբի Զաբն է: Հիմա Քիրքուքը փորձ է անում ձերբազատվել նաև այդ շրջանից, քանի որ բացարձակ մեծամասնություն կազմող արաբ բնակչությամբ շրջանը ձեռնտու չէ մնալ Քիրքուքի վարչատարածքային կազմում:


Քիրքուքը , Իրաքյան Քրդստանի մնացած նահանգների հետ համեմատած, շատ խառը էթնիկ և կրոնական բնակչություն ունեցող շրջան է: Այստեղ բնակվում են արաբներ, քրդեր, թուրքմեններ, ասորիներ և հայեր, ինչպես նաև սունիներ և շիաներ: Քիրքուքը անկախության հանրաքվեին «ԱՅՈ» ասելու դիմաց Էրբիլից ստացել է հավաստիացում, որ այստեղ բոլոր ազգերի ներկայացուցիչներին կտրվի հնարավորություն իրենց մայրենի լեզվով սովորելու և խոսելու, ավելին՝ կտրվի շրջանում պետական լեզվի կարգավիճակ:


Քիրքուքը Բաղդադի և Էրբիլի համար կռվախնձոր է դարձել , քանի որ այն նավթով հարուստ շրջան է: Քիրքուքի Հավիջե շրջանը երբ անցավ իսլամիստ ահաբեկիչների ձեռքը, իրաքյան բանակը լքեց այդ տարածքը, որի փոխարեն Փեշմերգան սկսեց պայքարել այդ ահաբեկիչների դեմ: Հենց դրա համար էլ Քիրքուքի նահանգային ժողովի որոշմամբ այլևս բոլոր ֆինանասկան հոսքերը ուղղվեցին Փեշմերգա, քանի որ հենց Փեշմերգան էր հանդիսանում Քիրքուքի անվտանգության երաշխավորը...


(Շարունակելի)

 

Կարեն Հովհաննիսյան